Բաժիններ՝

Զոհված փոխգնդապետի 6-ամյա որդին երազում է զինվորական դառնալ. news.am

Փետրվարի 28-ին ադրբեջանական կողմի իրականացրած դիվերսիոն ներթափանցման փորձի ժամանակ զոհված զինծառայող, փոխգնդապետ Արտակ Աղեկյանի 6-ամյա որդու երազանքը զինվորական դառնալն է: NEWS.am-ի հետ զրույցում զոհված զինծառայողի կնոջ եղբայրը՝ Ահարոն Խաչատրյանը պատմեց, որ Արտակը երբեք որդու ցանկության մասին չի խոսել, թեեւ նրա համար միշտ զինվորական խաղալիքներ է գնել:

«Արտակ Աղեկյանն ընտանիքից հեռու էր բնակվում, երեխաներին տեսնում էր 2-3 ամիսը մեկ անգամ՝ ընդամենը մի քանի օրով, բայց այդ օրերի ընթացքում հասցնում էր երեխաների հետ հետաքրքիր ժամանակ անցկացնել: Երեխաները միշտ դժվարությամբ են հրաժեշտ տվել հորը, չէին ուզում, որ գնար»,- ասաց Ահարոն Խաչատրյանը:

Արտակ Աղեկյանը վերջին անգամ ընտանիքին տեսել էր հունվարի 28-ին, երբ եկել էր Երեւան՝ պաշտպանության նախարարից շքանշանը ստանալու: Լավ ծառայության համար փոխգնդապետը շուտով պետք է այլ զորամաս տեղափոխվեր՝ ավելի բարձր պաշտոնի, սակայն չհասցրեց. փետրվարի 28-ին հակառակորդը 10 մետրից գնդակոծեց նրանց մեքենան, եւ Արտակը զոհվեց՝ իր կյանքի գնով փրկելով իր 3 զինվորներին:

«Բոլորն են խոսում, որ Արտակի կատարածը հերոսություն էր: Հոգեհանգստին նաեւ այդ 3 զինվորների հարազատներն էին եկել, որոնք անընդհատ շնորհակալություն էին հայտնում՝ ասելով, որ իրենց երեխաները հրաշքով են փրկվել ու փրկվել են միայն Արտակի շնորհիվ: Երբ թշնամին գնդակոծել է մեքենան, Արտակը հրամայել է բոլորին դուրս գալ մեքենայից: Սակայն երբ գնդակը դիպել է Հայկին, Արտակը փորձել է փրկել նրան, սակայն ինքն է մահացու վիրավորում ստացել: Բարեբախտաբար, մյուս երեք զինվորները թեթեւ քերծվածքներ են ստացել»,- դեպքի մանրամասները պատմեց Ահարոն Խաչատրյանը՝ նշելով, որ Արտակ Աղեկյանի հերոսության եւ անձնազոհության մասին ամբողջ Տաշիրն է խոսում:

Մանրամասներն՝ սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս