Իրանը բանակցային գործընթացի ժամանակ զիջումներ չի անի ԱՄՆ-ին. Զարիֆ
Իրանական IRNA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանն իր միջուկային ծրագրի վերաբերյալ հետագա բանակցություններում զիջումներ չի անի ԱՄՆ-ին: Այս մասին Շվեյցարիայի Մոնտրե քաղաքում այսօր հայտարարել է Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը.
«Իրանը երբեք չի զիջի չափազանց և անտրամաբանական պահանջներին, որոնց իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ բանակցային գործընթացի ժամանակ առաջ է քաշում հակառակ կողմը»: Զարիֆն այդ կերպ է մեկնաբանել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի այն հայտարարությունը, թե Իրանը պետք է 10 տարով սառեցնի իր միջուկային ծրագիրը:
Զարիֆն անկասկած է համարել, որ բանակցությունները շարունակում են մնալ որպես Իրանի միջուկային ծրագրի խնդրի լուծման միակ եղանակ, և որ այլ ընտրություն գոյություն չունի:



