Մարտի 1-ի դեպքերի ժամանակ զոհվածի ծնողներ. Հայ ազգային կոնգրեսը մարտի 1-ը չի շահարկում բացարձակապես
Մարտի 1-ից արդեն 7 տարի է անցել, և քաղաքական տարբեր ուժերի և գործիչների կողմից պարբերաբար հնչեցվում է մարտի 1-ի թեման: Այսօր մամլո ասուլիսի ժամանակ լրագրողներից մեկը 2008 թվականի մարտի 1-ի դեպքերի ժամանակ զոհվածների ծնողներին հարցրեց՝ ինչպե՞ս են նրանք գնահատում այն, որ մարտի 1-ի թեմային քաղաքական գործիչների կողմից պաբերաբար անդրադառնալը՝ որպես ավելորդ շահարկո՞ւմ է, թե՞ իսկապես տվյալ քաղաքական գործիչները կամ ուժերը փորձում են ինչ-որ քայլեր ձեռնարկել կամ նույնիսկ նպաստել գործի նոր քննությանը կամ նոր հանգամանքների ի հայտ գալուն:
Զոհված Գոռ Քլոյանի հայրը՝ Սարգիս Քլոյանը պատասխանեց, որ Հայ ազգային կոնգրեսից շահարկումներ բացարձակապես չեն եղել. «Ինչպե՞ս կարող են շահարկել, որովհետև բոլոր իրավական աջակցությունները մենք ստանում են ՀԱԿ-ից: Նրանք մեզ հետ են եղել 7 տարի, մենք միասին պայքարում ենք, ողբում ենք, միասին աշխատում ենք: Կան առանձին գործիչներ, որոնք շահարկում են, որ մեզ ուզում էին ներգրավեին իրենց շարքերը, մենք լիովին հասկացանք, որ դա շահարկում է, մենք հրաժարվեցինք այդ քաղաքական ուժերից: Անուններ չեմ կարող հրապարակել»:
Մարտի 1-ի դեպքերի զոհ՝ Արմեն Ֆարմանյանի հայրը՝ Վաչագան Ֆարմանյանը, սակայն, հրապարակեց մի քանի անունները, որոնք ըստ նրա՝ շահարկում են մարտի 1-ի թեման.
«Ոչ բոլորն են մարտի 1-ի համար պայքարում Հայ ազգային կոնգրեսից, որից մի քանի հոգի անջատվեցին: Ես կարող եմ անունները տալ՝ ո՛չ վախենում եմ, ո՛չ էլ ամաչում: Մինչև հիմա իմ տղայի՝ Արմենի գերեզմանի, տան տեղը չգիտեն՝ հանձինս Նիկոլ Փաշինյանի, Ալեքսանդր Արզումանյանի: Ես շատ խիստ վրդդովված եմ: Ի՞նչն է պատճառը, թող ինձ բացատրի, մի պատճառ պետք է ունենա, չէ՞: Այսքան տարի նա դեպուտատ է, ես նրանից լավ բան չեմ լսել: Մեզ մոտ նման բան կա՝ ծնունդ ենք նշում, էսա մարտի 1 է գալիս, գնալու ենք գերեզմաններ, ոչ մի անգամ, առաջին 2 տարին մի երկու բան գրում էին թերթում, բայց հիմա ընդհանրապես ոչինչ չկա: Ի՞նչ է պատճառը, ես ուզում եմ իմանալ, իրենցից լսեմ, թող գան արտահայտվեն:
Ինձ մոտ տպավորությունն իրենց հանդեպ այդպիսին է: Այդպես անձնավորություններ մեր պառլամենտում շատ են եղել՝ Շավարշ Քոչարյան, Սադոյան… Իրենց պետք էր մտել Ազգային ժողով, մտան, բայց ումո՞վ մտան, իմ որդու արյունով չմտնեն այնտեղ Ազգային ժողով ու իրենց անելիքն անեն: Ինձ հետաքրքրում էր, որ ինքը մինչև վերջ կանգնած լիներ մեր՝ ծնողներիս կողքին: Ես չեմ տեսնում, կարող է ինչ-որ ծնողի կողքին կանգնել է, բայց ես չեմ տեսել»:
«Մարտ 1» հասարակական կազմակերպության համակարգող, գրող, հրապարակախոս Առաքել Սեմիրջյանն էլ նկատեց, որ որևէ ուժ չի սեփականաշնորհել մարտի 1-ը, ու զոհերի ծնողները շատ ուրախ կլինեն, որ ցանկացած ուժ զբաղվի այդ հարցով.
«Այպես չէ, որ այդ մարտի 1-ը ՀԱԿ-ի սեփականությունն է, եթե մարդիկ ցանկանում են զբաղվել մարտի 1-ով, այնքան լայն է ասպարեզը, իրենք կարող են զբաղվել, իսկ եթե միայն մարտի 1-ի օրն են հիշում մարտի 1-ի մասին, ես դա համարում եմ քաղաքական շահարկում:
Մարտի 1-ը հայ ժողովրդի սեփականությունն է, եթե մարտի 1-ը չի բացահայտվում, Հայաստանը գտնվում է մարդասպանների տիրապետության տակ, սա պետք է լինի խնդիրը: Սա ցանկացած մարդու խնդիրն է, որը ուզում է նորմալ երկրում ապրել»:
Մանրամասները՝ տեսանյութում: