Վախթանգ Միրումյան. «Նպատակը ՀՀ-ից հավելյալ արտահանում ապահովելն է»
«Օրինագծի նպատակը ՀՀ-ից հավելյալ արտահանում ապահովելն է: Խոսքն ընդհանրապես չի վերաբերում առհասարակ ՀՀ-ից արտահանումը կենտրոնացված կարգով կազմակեպելու և այդ եղանակով մեր տնտեսվարողին անհավասար դաշտում դնելու ու լրացուցիչ խոչընդոտներ ստեղծելու մասին»,- այսօր ԱԺ նիստում իր եզրափակիչ ելույթում հայտարարեց ՀՀ ֆինանսների փոխնախարար Վախթանգ Միրումյանը՝ խոսելով «Շահութահարկի մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին» նախագծի վերաբերյալ:
Ըստ նրա՝ խոսքը վերաբերում է Հայաստանից հավելյալ արտահանումը խրախուսելու, լրացուցիչ աշխատատեղեր ստեղծելու և բյուջեում լրացուցիչ եկամուտ ունենալու անհրաժեշտությամբ: Միրումյանը նշեց, որ լրացուցիչ արտահանում ունենալու համար պետք է լրացուցիչ պահանջարկ խրախուսել, որի համար առաջակվող հարկային գործիքը միայն շահութահարկն է, որովհետև արտահանումը չի հարկվում անուղղակի հարկով:
Նա շեշտեց, որ տեղական արտադրողների ու արտահանողների համար որևէ խոչընդոտ չի ստեղծում և նրանք կարող են գործել իրենց նախընտրելի ցանկացած եղանակով: