Տեր-Պետրոսյանը փորձեց շղարշել կամ մեղմել իր՝ ժամանակին արած քաղաքագիտական վերլուծության իմպլեմենտացիայի լիակատար ֆիասկոն. Ռուբինյան
168.am-ի զրուցակիցն է ՀՀ ԱԺ նախկին փոխխոսնակ, նախկին քաղբանտարկյալ, ՀՀՇ կուսակցության վարչության անդամ Կարապետ Ռուբինյանը:
– Պարոն Ռուբինյան, վստահ եմ` հետևում եք հայաստանյան ներքաղաքական զարգացումներին, որոնք հաջորդեցին ՀՀԿ խորհրդի նիստում Սերժ Սարգսյանի ելույթին: Հռետորաբանական «փոխհրաձգություն» սկսվեց ՀՀԿ-ի և ԲՀԿ-ի միջև, երկու օրում այն հարթվեց, Գագիկ Ծառուկյանը հայտարարություն տարածեց` տեղեկացնելով, որ չի ցանկանում լարել ներքաղաքական կյանքը, չեղարկվեց փետրվարի 20-ի հանրահավաքը: Ըստ Ձեզ` ի՞նչ փորձեց անել Սերժ Սարգսյանը, և ի՞նչն էր նրա բարկության պատճառը:
– Իր շուրջը պար բռնած հացկատակների քծնանքից արբեցած, Ռոբերտ Քոչարյանի և Լևոն Տեր-Պետրոսյանի կողմից պարբերաբար քաջալերվող և սեփական անիրատեսական հավակնությունների ձեռքը կրակն ընկած Գագիկ Ծառուկյանն արդեն իրական խոչընդոտ էր դարձել Սերժ Սարգսյանի՝ Սահմանադրությունը փոխելու ծրագրերի համար: Իր գործունեության բոլոր ոլորտներում տապալված Սերժ Սարգսյանն արդեն մեկ անգամ հետաձգել էր իր հռչակած բարեփոխումների մեկնարկը և սահմանել էր նոր ժամկետ, որը նորից երկարաձգելը կդիտվեր՝ որպես նոր նահանջ ու հերթական տապալում: Ակնհայտ է, որ իշխող հանցախումբն առաջին հերթին՝ իր և ոչ հասարակության շահերն է հետապնդում նախատեսվող «բարեփոխումներում»:
Բայց այդ փոփոխությունների գործընթացը նաև թույլ կտա Սերժ Սարգսյանին ինչ-որ կառուցողական գործ անելու պատրանք ստեղծելու ու անհերքելի ձախողումների մի մասի մեղքն էլ ներկա «անկատար» սահմանադրության վրա բարդելու: Սա է, ըստ իս, այն խորապատկերը, որի ֆոնին ծավալվեցին իրադարձությունները: Այն, ինչն ի ցույց դրվեց հասարակությանը, Հանրապետական ոհմակի նիստի տեսքով զարհուրելի ու զզվելի էր, իսկ դրան հաջորդած կտրուկ ու նպատակասլաց պատժամիջոցները պետական ահաբեկչություն էին և ուրիշ ոչինչ: Արդյունքը կանխատեսելի էր: Վաղուց և բոլորի համար պարզ էր, որ Ծառուկյանն իր անցյալով ու ներկայով շատ հեշտ բամփվող ֆիգուր է, բայց կապիտուլյացիայի կայծակնային արագությունը զարմացրեց բոլորին:
– Չհաստատված տեղեկություններ են տարածվում ԶԼՄ-ներով այն մասին, որ Ծառուկյանը դուրս կգա ակտիվ քաղաքականությունից, և ԲՀԿ ղեկավարի գործը կստանձնի քաղաքական դեմք: Ինչպիսի՞ ճակատագիր եք տեսնում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության համար այսուհետ, եթե Գագիկ Ծառուկյանը լքի կուսակցությունը կամ դուրս գա ակտիվ գործունեության դաշտից:
– Ծառուկյանն անձնատուր է եղել և կանի այն, ինչն իրենից պահանջել է կամ կպահանջի Սերժ Սարգսյանը: ԲՀԿ-ի ճակատագիրն ինձ չի հուզում: Պարկեշտ մարդը, ազնիվ քաղաքական գործիչը երբեք չի համաձայնի այնտեղ հավաքված կոնտինգենտի հետ գործ ունենալ, իսկ կոնտինգենտն էլ, իր հերթին, նշված որակի գործչի կարիք չունի, նրանց մի նոր փողի քսակ է պետք՝ շուրջը նոր շուրջպար բռնելու համար:
– Պարոն Ռուբինյան, ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը, ով բուրժուադեմոկրատական հեղափոխության գաղափարը Հայաստանում բարձրացնողն էր, օրերս հոդված հրապարակեց «Սրտիս պարտք»-ը վերնագրով, որում նա փորձեց արդարացնել, իսկ որոշ փորձագետների որակմամբ՝ «պաշտպանել» Ծառուկյանի գործողությունները: Ինչո՞վ եք բացատրում Ծառուկյանին ամեն կերպ արդարացնելու՝ Տեր-Պետրոսյանի մղումը, թեև հոդվածում առաջին նախագահը մատնանշել էր նաև Ծառուկյանի սխալները` մեղքը բարդելով նրա խառնակիչ կուսակցականների վրա:
– Անշուշտ, լսած կլինեք Կիպրոսի առասպելական թագավոր Պիգմալիոնի պատմությունը, ով սիրահարվեց իր իսկ կերտած փղոսկրյա արձանին: Գագիկ Ծառուկյանի, որպես հայկական Իվանիշվիլու կամ հայոց բուրժուա-դեմոկրատիայի առաջնորդի առասպելական կերպարի ստեղծողն իր «սրտի պարտքն» է վերադարձրել: Գուցե իսկապես սերը կույր է, բայց ավելի շատ հակված եմ կարծելու, որ այդ հրապարակումով պարոն Տեր-Պետրոսյանը փորձում է շղարշել կամ մեղմել իր ժամանակին արված քաղաքագիտական վերլուծության իմպլեմենտացիայի լիակատար ֆիասկոն:
– Երեկ ԱԺ քառօրյան բոյկոտեց ԲՀԿ խմբակցությունը, ՀԱԿ պատգամավորները բարձրացնում են ԲՀԿ-ի նկատմամբ ճնշումները քննարկման առարկա դարձնելու հարցը, Նիկոլ Փաշինյանը` Սերժ Սարգսյանի պաշտոնանկության հարցը: Այս իրավիճակը կարելի՞ է որակել քաղաքական ճգնաժամ:
– Քաղաքական ճգնաժամ կա, այն նոր չի առաջացել, երկիրը նոր չի սկսել ամայանալ, իշխանության ղեկին նոր չի տիրացել ընչաքաղց տգետների ոհմակը: Վերջին սրընթաց իրադարձությունները որոշ չափով սրել են իրավիճակը, հերթական անգամ բացահայտվել է վարչախմբի հանցավոր էությունը: Բայց, ցավոք, նաև հերթական անգամ բացահայտվել է, որ ժողովրդի իրական շահերին տեր կանգնող, անձնուրաց, առաջադիմական, գործունակ ընդդիմություն դեռ չունենք: Սաղմերը կան, տեսանելի են, հուսանք, որ մանուկը կծնվի:
– ՀՀ երկրորդ նախագահը ևս անդրադարձավ զարգացումներին՝ ասելով, թե ռեպրեսիաները, ճնշումները ԲՀԿ-ի համար անընդունելի են, այնինչ մի շարք փորձագետներ կարծում էին` երկրորդ նախագահը խոսելու է քաղաքականություն վերադառնալու իր որոշման մասին: Ըստ Ձեզ` եթե երկրորդ նախագահը չի ցանկանում վերադառնալ քաղաքականություն, ինչո՞ւ է անընդհատ հիշեցնում իր մասին, և նրա վերադարձը որքանո՞վ է հնարավոր:
– 2-րդն, անշուշտ, հարմար պահ առաջանալու դեպքում ցանկանում է վերադառնալ, բայց ոչ թե քաղաքականություն, այլ իշխանության, թե չէ 2rd.am կայք չէր բացի, իր գովազդի համար կլորիկ գումարներ չէր ծախսի: Կա նաև այլ հանգամանք: Իշխանության վերադառնալու հույսերը չարդարանալու դեպքում էլ նա պետք է լուծի իր համար կենսական նշանակություն ունեցող խնդիր՝ չթողնի հանկարծ իշխանության գա մեկը, ով կարող է իր թալանածը հետ վերադարձնելու հարց արծարծել և կատարած հանցանքների համար պատասխանատվության կանչել:
– Մարտի 1-ին ՀԱԿ-ը կազմակերպելու է ամենամյա հանրահավաք-հանդիպումը՝ հարգելու Մարտի 1-ի զոհերի հիշատակը, սակայն այս տարի հանրահավաքն այլ նշանակություն կունենա, քանի որ սա, ըստ էության, փետրվարի 20-ի չկայացած հանրահավաքի փոխարեն է անցկացվելու, և ըստ ՀԱԿ-ի՝ ժողովուրդն արդեն համախմբված է և պատրաստ պայքարի: Ի՞նչ սպասել գալիք հանրահավաքից, երբ ակնհայտ է, որ մինչ այս ՀԱԿ-ն իր գործողությունները պայմանավորում էր ԲՀԿ-ով, իսկ ԲՀԿ-ն այդ հանրահավաքին, ամենայն հավանականությամբ, չի մասնակցի:
– Այն, որ կեղեքված ու ռեժիմից զզված ժողովուրդը միշտ պատրաստ է պայքարի, ապացուցվել է բազմիցս: Կարծում եմ, որ չնայած ներկայում տիրող հուսախաբությանը և հանրահավաք կազմակերպելու ծառուկյանական մեթոդների հավանական բացակայությանը, մարտի մեկի հանրահավաքը մարդաշատ կլինի: Անմեղ զոհերի հիշատակը հարգելու մոտիվացիան կա, երկարատև ընդմիջման հանգամանքը կա, ստեղծված իրավիճակի մասին տեղեկատվություն ստանալու պահանջը կա: Մնում է տեսնենք, թե կազմակերպիչներն ի՞նչ նոր խոսք ունեն ասելու ժողովրդին, արե՞լ են, արդյոք, անհրաժեշտ հետևություններ նախկին սխալներից: Այս առումով առայժմ հուսադրող փոփոխություններ չեմ տեսնում: