Գալուստ Սահակյանը՝ Լևոն Զուրաբյանին. «Տագնապ հաղորդելով՝ խնդիրը լուծում չի ստանա»
Դեռևս անցյալ տարի ԱԺ ոչ իշխանական եռյակը քննարկման էր դրել արտահերթ նստաշրջանի հետ կապված կառավարման ճգնաժամի վերաբերյալ հարց: Այսօր ԱԺ նստաշրջանի մեկնարկի ժամանակ, երբ քննարկվում էր օրակարգը, ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը հայտարարեց, որ կառավարման համակարգը գտնվում է խորը ճգնաժամի մեջ: Նա ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանին մեղադրեց ԱԺ կանոնակարգ օրենքը խախտելու մեջ, քանի որ հարցերի հերթականությունը քննարկելիս չի նշել ընդդիմության՝ արտահերթ նիստ հրավիրելու մասին հարցը:
Գ.Սահակյանը հայտարարեց, որ Զուրաբյանի կարծիքը չի կիսում և մեծամասնությունը նույնպես չի կիսում. «Տագնապ հաղորդելով՝ խնդիրը լուծում չի ստանա: Որոշակի հարցեր կարգավորելոց հետո քննարկման կդրվի»:
ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը հայտարարեց, որ կառավարման ճգնաժամի խնդիրն արդիական է: Նա հորդորեց ԱԺ ղեկավարությանը առաջնորդվել ոչ թե մեծամասնության կարծիքով, այլ կանոնակարգ օրենքով և իմպերատիվ կերպով քննարկման դրվելիք հարցը դնել քննարկման:
Գ.Սահակյանը նշեց, թե ԱԺ կանոնակարգը երբեք իմպերատիվի հարց չի դնում. «Խնդիրը անհետաձգելի օրենքների մասին է, իսկ թե որոնք են անհետաձգելի, ԱԺ նախագահն է որոշում՝ որն է դրվում: Եթե հասցնենք, այս քառօրյայում կքննարկենք: Եթե ձեզ համար իմպերատիվ է, ինձ համար հնարք է ընդդիմության կողմից»:
Լ.Զուրաբյանը հայտարարեց, թե ՎՊ-ի հարցն է ներառվել օրակարգ, որ բոլորովին անհետաձգելի չէ, ԱԺ նախագահը խախտում է Սահմանադրությունը: Ըստ նրա՝ սա նշանակում է, որ վախենում են քննարկումներից և դրանով մատնում են, թե ինչքան ծանր ճգնաժամ մեջ է գտնվում ՀՀ իշխանությունը: Հարցը սպառիչ քննարկելու նպատակով նա պահանջեց քվեարկությունից առաջ ընդմիջում 20 րոպեով:
«Ես չեմ ուզում ավելի կոպիտ պատասխանել, բայց եթե դուք հանգստանալ եք ցանկանում, կարող եք առանց ինձ ասելու էլ այդ ընդմիջումը վերցնել»,- նկատեց Սահակայնն ու հայտարարեց ընդմիջում: