Բաժիններ՝

Կյանքից հեռացավ առաջատար գիտնական Աննա Բոյաջյանը

60 տարեկան հասակում կյանքից հեռացավ առաջատար գիտնական, ՀՀ ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի տնօրեն, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, կենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Աննա Սուրենի Բոյաջյանը: Ի դեմս Աննա Բոյաջյանի գիտությունը եւ գիտական հանրությունը կորցրեցին հետազոտողի, որը համադրում էր կենսաբանական եւ բժշկական գիտությունները, հրաշալի մանկավարժի, լայն հանրագիտական իմացությունների տեր եւ պարզապես լավ ու կամեցող մարդու:

Աննա Բոյաջյանի գիտական կյանքի 30 տարիները կապված են եղել ՀՀ ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի հետ:

Նրա հարուստ ստեղծագործական ժառանգությունը` աուտաիմունային, աուտաբորբոքային, հոգեկան և ուղեղանոթային հիվանդությունների ժամանակ բջջային ակտիվության կարգավորման մեխանիզմների և նրանց խանգարումների բացահայտման և պարզաբանման ոլորտում, հիմք է հանդիսացել Հայաստանում մոլեկուլային կենսաբանության և գենետիկայի դպրոցի զարգացման և միջազգային ճանաչում ստանալու համար:

Աննա Բոյաջյանը 400-ից ավելի գիտական աշխատանքների, այդ թվում 13 մենագրությունների հեղինակ էր:

Կարդացեք նաև

Աննա Բոյաջյանի գիտամանկավարժական գործունեությունը չի սահմանափակվել միայն ՀՀ ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտով, այլ նաև արտահայտվել է տարբեր բուհերում մասնագիտական դասընթացների անցկացմամբ, ինչպես նաև մոլեկուլային կենսաբանության, բջջաբանության և գենետիկայի ուղղությամբ ամբիոնների և բաժինների ստեղծմամբ:

Աննա Բոյաջյանը բազմաթիվ մասնագիտական և հասարակական կազմակերպությունների անդամ էր, Եվրամիության «ՀՈՐԻԶՈՆ 2020» ծրագրի ազգային կոնտակտային անձն էր, Կենսաբանական հոգեբուժության հայկական ասոցիացիայի նախագահը, Մոլեկուլային կենսաբանության և բջջաբանության և իմունալոգիայի հայկական ասոցիացիայի նախագահը, ինչպես նաև տարբեր գիտական հանդեսների խմբագրական կոլեգիաների անդամ:

Նրա գործունեության վաստակն է մոլեկուլային կենսաբանության, բջջաբանության և գենետիկայի ուղղությամբ Հայաստանի բազմաթիվ գիտնականների պատրաստումը: Նրա ղեկավարությամբ պաշտպանվել են ավելի քան 30 թեկնածուական ատենախոսություններ: Նա եղել է 5 դոկտորական ատենախոսության խորհրդական:

Աննա Բոյաջյանն առանձնանում էր իր բացառիկ աշխատասիրությամբ, իր սաների և կոլեգաների հանդեպ հոգատար վերաբերմունքով, ծնողական ջերմությամբ: Նա ուներ բազմաթիվ ծրագրեր եւ գաղափարներ, որոնցից որոշները կյանքի կոչվեցին:

Կորստի ցավը մեծ է: Գիտության աշխարհը կորցրեց անփոխարինելի անձնավորության: Աննա Բոյաջյանի ընկերները, աշակերտները եւ հետեւորդները նրան միշտ կհիշեն, իսկ նրա գիտական ժառանգությունը կկազմի մեր կյանքի անբաժանելի մասը:

Աննա Բոյաջյանի քաղաքացիական հոգեհանգիստը տեղի կունենա հունվարի 30-ին` ժամը 18:00-ին, Սուրբ Հակոբ եկեղեցում (Քանաքեռ):

ՀՀ ԳԱԱ Տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս