«Հայ և ռուս քաղաքական կամ ռազմական գործիչները նախնական պայմանավորվածություն են ունեցել, որ կասկածյալը պետք է հայտնվի ռուսական ռազմաբազայում». Ավետիք Իշխանյանը՝ Պերմյակովի մասին

Գյումրիում հունվարի 12-ին տեղի ունեցած սպանության, Հայաստանի և Ռուսատանի իշխանությունների արձագանքի մասին զրուցել ենք Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանի հետ:

– Պարոն Իշխանյան, ինչպե՞ս եք գնահատում Հայաստանի և Ռուսաստանի իշխանությունների արձանագանքը հունվարի 12-ին Գյումրիում սպանության դեպքին, ինչպես նաև դրան հաջորդած բողոքի ակցիային:

– Կարծում եմ՝ այդ հանցագործությունից հետո պետք է կատարվեին հետևյալ քայլերը: Նախ, այդպիսի դաժան ողբերգությունից հետո Հայաստանի իշխանություններն անպայման պետք է սգո օր կամ օրեր հայտարարեին, Հայաստանի բարձրաստիճան իշխանությունը՝ նախագահի գլխավորությամբ պետք է այցելեր Գյումրի: Հայաստանի իրավապահները պետք է հստակ աշխատանքներ տանեին և, համենայնդեպս, հայտարարվող կասկածյալին իրենք ձերբակալեին, կամ՝ եթե ռուս սահմանապահներն էին նրան ձերբակալել (ես պաշտոնական հաղորդագրությանն այնքան էլ չեմ վստահում), ապա նրան պետք է հանձնեին Հայաստանի իրավապահներին:

Առաջին օրը Ռուսաստանի նախագահը պետք է ցավակցություն հայտներ, Ռուսաստանի պաշտպանության նախարարը պետք է ներողություն խնդրեր դեպքի հետ կապված, և պարբերաբար հանրությունը պետք է տեղեկանար քննության ընթացքին:

Կարդացեք նաև

Կարծում եմ՝ այս ամենը չկատարվեց երկու պատճառով: Մի դեպքում, կարծում եմ, որ դա Հայաստանի իշխանությունների պահվածքն է եղել այս տարիների ընթացքում, որ նույնիսկ այսպիսի  դաժան հանցագորխության դեպքում պաշտոնական Ռուսաստանը լուրջ ռեակցիա չտվեց:

Հայաստանի իշխանություններն այնպիսի քայլեր չարեցին, որ հանկարծ, իրենց կարծիքով, չնեղացնեն Ռուսաստանին: Մյուս կողմից էլ՝ գուցե Հայաստանի իշխանությունները մտածում էին, թե արդեն ինչ ուզեն կարող են անել մեր հասարակության հետ, և նա ոտքի չի կանգնի: Եվ այստեղ, կարծում եմ, նրանք կոպտորեն սխալվեցին, որովհետև հասարակությունը ցույց տվեց, որ հայ հասարակությունը դեռևս արժանապատվությունը պահած է:

Հետաքրքրականն այն է, որ երբ սկսվեցին բնական զայրույթի, բողոքի ակցիաները, միանգամից հայ պաշտոնյաները սկսեցին ամենաէժանագին ելույթներ ունենալ, թե արդյոք դա ում է ձեռնտու՝ արևմտյան ուժեր, հակառուսական տրամադրություններ և այլն: Սա անզորության նշան էր:

Ցանկացած հայ քաղաքական կամ հայաստանյան գործիչ պետք է հպարտանար, որ ժողովուրդն այդպիսի ցասում է արտահայտում: Ավելին՝ բարձրաստիճան ոստիկանը հանկարծ հայտարարում է, թե Գյումրու ցուցարարների 80 տոկոսը հարբած է եղել (խոսքը Ոստիկանության զորքերի հրամանատար Լևոն Երանոսյանի մասին է:- 168.am):

Ինչպե՞ս կարելի է վարկաբեկել արդարացի զայրույթից ոտքի կանգնած ժողովրդին:

Ահա սա էր իշխանությունների պահվածքը: Եվ հետո Ազատության հրապարակում բողոքի ակցիայի ժամանակ, երբ այդպիսի խաղաղ, տխուր հավաք երևի աշխարհում չի եղել, հանկարծ քաղաքացիական հագուստով բանդաները սկսեցին առևանգել մարդկանց: Կարծես՝ գտնվում էինք հարավաֆրիկյան մի պետությունում, որտեղ ռազմական հեղաշրջում էր, խունտան էր եկել իշխանության, և մարդկանց փողոցից փախցնում են: Սա եղավ մեր իշխանությունների արձագանքը դեպքերին: Ավելին ասեմ. ոստիկանության գովազդը, երբ Երևանում տարբեր վահանակների վրա գրված է, թե՝ ոստիկանությունը ծայառում է օրենքին, դրանով իսկ՝ ժողովրդին, պետք է փոխել: Ոստիկանությունը ծառայում է իշխանություններին և դրանով իսկ անօրինականությանը:

Եվ հետո սարսափում են, չնայած ինչ սարսափելի բան կա այդտեղ, որ այդ ամեն ինչը կարող է հակառուսական տրամադրությունների հանգեցնել: Այո, և Հայաստանի, և Ռուսաստանի իշխանություններն իրենց պահվածքով ամեն ինչ անում են, որ այդ ամեն ինչը հակառուսական տրամադրությունների հանգեցնի: Եվ դա բնական է և օբյեկտիվ:

– Այսօրվա դրությամբ համենայնդեպս գյումրեցիները պահանջն իրականացված չէ: Մեղադրյալը գտնվում է ռուսական ռազմաբազայում և Հայաստանի քննիչների տրամադրության տակ չէ: Նման պայմաններում ի՞նչ եք կարծում՝ կշարունակվե՞ն բողոքի ակցիաները:

– Ժամանակը ցույց կտա: Կարծում եմ՝ դեռ շատ վաղ է խոսել հանդարտության մասին, որովհետև դեռ անարդարության այդ զգացումը շատ ուժեղ կա: Իմ կարծիքն ասեմ նաև իրավասության հետ կապված, որովհետև բողոքի ակցիաները կապված էին ոչ միայն անարդարության դեպքի հետ, այլ նաև, ի վերջո, այդ բողոքի ակցիաները Հայաստանի Հանրապետության պատիվն էին պահում՝ պահանջելով Հայաստանի ինքնիշխանության պահպանումը: Այսինքն՝ այստեղ շատ կարևոր էր, որ Հայաստանի իրավազորության տակ լիներ կասկածյալը կամ մեղադրյալը:

Բայց եթե մեկ րոպե կտրվենք դրանից և այլ հայացքով նայենք դեպքերին, ապա արդյոք հասարակությունը մեծ վստահություն ունի՞  Հայաստանի դատաիրվական համակարգի նկատմամբ, որ պահանջում էր: Սկսենք այստեղից: Իհարկե, չուներ, բայց նորից ինքնիշխանության խնդիր էր: Հիմա այլ հայացքով նայենք:

Պատկերացրեք, որ գործը քննում են Ռուսաստանի իրավապահները: Նախ, կուզենայի ասել, որ ինձ համար բոլորովին անընդունելի էր, երբ պաշտոնյաները կասկածյալին սկսեցին անվանել «վիժվածք», «տականք» (կարծես թե դրանով նրանք ցանկանում էին մեղմացնել հասարակական վրդովմունքը): Որևէ մեկն իրավունք չուներ  կասկածյալին այդպիսի բնորոշումներ տալու:

Նա դեռևս կասկածյալ էր: Հարցեր են առաջանում: Ենթադրենք գործը քննում են Ռուսաստանի իրավապահները: Ինձ անձամբ հետաքրքրում է ոչ թե այն, թե ինչպիսի խիստ պատիժ կնշանակվի կասկածյալի, մեղադրյալի նկատմամբ, այլ գործի բացահայտումը:

Արդյոք նա ուղորդվե՞լ է ինչ-որ մեկի կողմից: Եթե չի ուղղորդվել, ապա այդ ինչպե՞ս է ստացվել, որ նա կարողացել է անաղմուկ մտնել այդ տուն, կատարել սպանությունը: Իսկ եթե ուղղորդվել է և այդտեղ մեղավոր են բազայի բարձրաստիճան զինվորականները… Արդյոք ռուս իրավապահները կբացահայտե՞ն այդ ամենը, թե միայն Պերմյակովը դաժան, խիստ պատժի կենթարկվի: Սրանք հարցեր են, և, իմ կարծիքով՝ եթե լինեն այդպիսի լուրջ հարցեր, ապա դրանք չեն բացահայտի:

Իսկ եթե գործը լիներ հայ իրավապահների իրավասության տակ… Եթե ընդունենք, որ նրանք այդ հարցը պրոֆեսիոնալ ձևով բացեին և պարզվեր, թե թելերն ուր են տանում, նրանք այդ ամեն ինչը արդյոք կբացահայտեի՞ն: Իհարկե, ոչ: Ես նորից եմ կրկնում: Ինձ ավելի շատ հետաքրքրում է գործի բացահայտումը, ոչ թե այն, թե ինչ պատիժ կստանա մեղադրյալը: Երանի ես սխալվեմ, բայց ես կարծում եմ, որ մենք այդ հարցերի պատասխանները չենք ստանա:

– Մեղադրյալը գտնվում է ռուսական ռազմաբազայում, քննությունը, կարելի է ասել, հիմնականում նրանք են իրականացնում: Դուք դա քաղաքակա՞ն որոշում եք համարում:

– Իհարկե, դա քաղաքական որոշում է: Դա հստակ քաղաքական որոշում  է, որովհետև մենք միայն տեսել ենք պաշտոնական հաղորդագրությունը, որ փնտրվում է կասկածյալը, և հանկարծ նրան հայտնաբերում են ռուս սահմանապահները: Այստեղ շատ պարզ հարցեր են առաջ գալիս: Առաջին՝ ուրեմն Հայաստանի իրավապահ մարմիններն անզոր էին նրան բավական երկար ժամանակվա մեջ հայտնաբերելու:

Երկրորդ՝ եթե նույնիսկ նրան ձերբակալել են, նա հայտնաբերվել է ռուս սահմանապահների կողմից, ապա, ի տարբերություն ռուսական բազայի կամ Ռուսաստանի դեսպանության, սահմանը հայկական տարածք է, և ռուս սահմանապահները պարտավոր էին նրան հանձնել հայ իրավապահներին:

Եթե նրանք սխալվել են, կամ, այսպես ասենք՝ հատուկ են սխալվել, և  կասկածյալին հանձնել են բազայի ներկայացուցիչներին, ապա սահմանից մինչև ռազմաբազա ճանապարհին հայ իրավապահները պարտավոր էին կանգնեցնել մեքենան և կասկածյալին վերցնել իրենց իրավասության տակ: Դրա համար թե ինչպե՞ս է հայտնաբերվել կասկածյալը, ընդհանրապես հայտնաբերվե՞լ է, թե ի սկզբանե եղել է ռազմաբազայում, ինձ համար հարցական են, բայց մի բան պարզ է՝ ի սկզբանե հայ և ռուս քաղաքական կամ ռազմական գործիչները նախնական պայմանավորվածություն են ունեցել, որ կասկածյալը պետք է հայտնվի ռուսական ռազմաբազայում: Թող ինչ-որ մեկն այդ կասկածը լուրջ փաստարկով փարատի: Բայց դա ինձ համար գրեթե համոզմունք է:

– Այդ դեպքում ո՞րն է ռուսական կողմի շահագրգռվածությունը՝ իրականացնել այս գործի քննությունը:

– Դա բնական շահագրգռվածություն է, և իրեն հարգող ցանկացած պետություն կուզենա հանցագործության կատարման մեջ կասկածվող իր քաղաքացուն իր իրավասության տակ պահել: Դա պատիվ է բերում ցանկացած պետության: Եթե դիմացի պետությունն  այդքան թույլ է և թույլ է տալիս այդ, նա այդպես պետք է վարվի: Ես այստեղ ռուսական կողմին չեմ մեղադրում: Ես մեղադրում եմ մեր կողմին, ովքեր այդքան ուժ չունեն իրենց մեջ՝ իրենց ինքնուրույնությունն ու Հայաստանի պատիվը պահելու:

– Ինչպե՞ս եք տեսնում երկու քրեական գործերի ճակատագիրը: Փաստորեն անձի նկատմամբ նույն արարքի համար երկու երկիր քրեական հետապնդում է իրականացնում:

– Անկեղծ ասած՝ ես չեմ ուզում խորանալ իրավական հարցերի մեջ, թե ինչ կլինի և այլն, և այլն: Ես նորից եմ կրկնում՝ ես շատ կասկածում եմ, որ մենք իսկապես կունենանք այդ ճշմարտությունը՝ անկախ այն բանից՝ գործը հայկական կողմն է քննում, ռուսականը, թե համատեղ:

– ՀՀ գլխավոր դատախազը հայտարարում է, որ հանցագործը պատասխանատվության կենթարկվի Հայաստանի Հանրապետության տարածքում, Ռուսաստանի Դաշնության քննչական կոմիտեի նախագահ Ալեքսանդր Բաստրիկինն էլ, ըստ նախագահի մամուլի ծառայության հաղորդագրության, «վստահություն է հայտնել, որ այս գործով Հայաստանի Հանրապետությունում իրականացվելիք հրապարակային դատական քննությունը կդառնա արդարության և արդարադատության հասնելու երկու կողմերի ձգտման վկայությունը»: Ի՞նչ են նշանակում այս հայտարարությունները:

– Պարզ է՝ ամենայն հավանականությամբ, ըստ հայտարարությունների, նրան դատելու է ռուսական զինվորական տրիբունալը Հայաստանի Հանրապետության տարածքում՝ ռազմաբազայի տարածքում: Պատիժը կկրի Հայաստանում, թե Ռուսաստանում՝ դա արդեն այլ խնդիր է: Հստակ այդպես է՝ արդեն տրված է նրանց իրավազորության տակ: Ինչ վերաբերում է արդար դատավարությանը… Ես այնքան մեծ խնդիր չեմ տեսնում, որովհետև երկու դեպքում էլ մենք, կարծում եմ, ճշմարտությունը չէինք իմանա՝ դա գտնվեր Հայաստանի, թե Ռուսաստանի դատաիրավական համակարգում: Ինձ համար այս վեճը զուտ Հայաստանի ինքնիշխանության հարց է: Միայն դա: Իսկ ինչ վերաբերում է շատ շատերին… Գուցե նրանց թվում է, որ Հայաստանի իրավական համակարգ ավելի արդար է, քան ռուսականը: Չեմ կարծում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս