Տիգրան Խզմալյան. «Մենք պատրաստ ենք Վալերի Պրեմյակովին էլ, ամբողջ ռազմաբազան էլ հանձնել այդ երկրին՝ Ռուսաստանին» (տեսանյութ)
Այժմ թեժ իրավիճակ է ՀՀ-ում ՌԴ դեսպանատան դիմաց: Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ Գյումրիի ողբերգական դեպքի կապակցությամբ բողոքի ակցիա կազմակերպած քաղաքացիների և ոստիկանների միջև անընդհատ բախումներ են տեղի ունենում։
Ոստիկանները թույլ չեն տալիս ակցիայի մասնակիցներին մոտենալ ՌԴ դեսպանատան շենքին։ Իսկ ակցիայի մասնակիցները ոստիկաններին անվանում են ստրուկներ։
168.am-ի հետ զրույցում կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանը, ով նույնպես մասնակցում է բողոքի ակցիային, նշեց, թե ինքը այստեղ է, որպեսզի «վաղը չէ մյուս օրը իր երեխաները նույնպես չլինեն այսպիսի ստրուկներ, ինչպիսին այս ոստիկաններն են»։
Մեր հարցին, թե հավատո՞ւմ եք, որ ողբերգության հիմնական կասկածյալ Վալերի Պերմյակովի դատավարությունը կիրականացնեն Հայաստանում, նա այսպես պատասխանեց. «Գլխավորը այստեղ այդ հարցը չէ։ Մենք պատրաստ ենք Վալերի Պրեմյակովին էլ, ամբողջ ռազմաբազան էլ հանձնել այդ երկրին՝ Ռուսաստանին»։
Մեր ճշտող հարցին, այսինքն՝ Դուք պայքարում եք, որ ռուսական ռազմաբազան չլինի՞ Հայաստանում, նա պատասխանեց. «Ոչ մի օտար ռազմաբազա պետք չէ, որ լինի Հայաստանում»։