Հայաստանում պետք է հաշվի առնեն, որ Գյումրիում տեղի ունեցած ողբերգության նման դեպքեր հնարավոր են. դա ռուսական առանձնահատկություն չէ. Ալեքսանդր Գոլց

«Արտասահմանյան զորքեր հյուրընկալող երկիրը պետք է հաշվի առնի, որ Գյումրիի ողբերգության նման դեպքեր հնարավոր են»,- 168.am-ի հետ զրույցում այս մասին ասաց ռուսաստանցի հեղինակավոր ռազմական փորձագետ Ալեքսանդր Գոլցը` անդրադառնալով Գյումրիում տեղակայված 102-րդ ռազմաբազայի զինծառայողի գործած ոճրագործությանը, որը նա ընդունել է, ու ռազմաբազայի նշանակությանը Ռուսաստանի և Հայաստանի համար:

Նրա խոսքով՝ քանի դեռ Գյումրիում տեղի ունեցածի նախաքննությունը չի ավարտվել և դատավարությունը չի սկսվել և առավել ևս չի ավարտվել, վաղ է մեկնաբանություններով և եզրակացություններով հանդես գալու համար: Ըստ նրա` այս պահին ցանկացած վարկած կարելի է քննարկել և տարբեր մեկնաբանություններ տալ: Ալեքսանդր Գոլցի խոսքով՝ եթե երկիրը հանդուրժում է օտարերկրյա զորքեր սեփական տարածքում, ապա պետք է հաշվի առնի նաև այն փաստը, որ նման դեպքեր հնարավոր են: Նրա խոսքով` սա միայն ռուսական զորքերի առանձնահատկությունը չէ:

«Հիշենք, թերևս, ամերիկացիներին Օկինավա կղզում: Ցավոք սրտի, պատահում են նման հանցագործություններ ոչ շատ հաճախ, բայց պատահում են, երբ սպանում են բնակիչներին, բռնաբարում աշակերտներին, և այլն: Այսինքն` եթե Դուք Ձեր տարածքում ունեք արտասահմանյան զորքեր, ապա դա այն նախադրյալներից մեկն է, որի համաձայն՝ նման հանցագործություններ պատահելու են»,- ասաց նա:

Ռուսաստանցի ռազմական փորձագետը կարևորեց մի հանգամանք, որն անվանեց ռուսական առանձնահատկություն: Նա ուշադրություն հրավիրեց այն բանի վրա, որ Վալերի Պերմյակովը ժամկետային զինծառայող է:

«Մի որոշակի պահի Ռուսաստանը սկսեց իր արտասահմանյան ռազմաբազաներ ուղարկել ժամկետային զինծառայողների: Ես կարծում եմ՝ սա շատ լուրջ սխալ է: Խնդիրը կայանում է նրանում, որ, գտնվելով արտերկրում այլ պայմաններում, երբ ժամկետայիններն առանց այն էլ ունենում են հոգեբանական ընկճվածություն, հայտնվում են բոլորովին այլ վիճակում: Ինչպես հայտնի է, ի վերջո, ժամկետային զինծառայողների մոտ կարգուկանոնն ավելին ցանկանալու տեղ է թողնում: Ուստի, ժամկետային զինծառայողներին արտասահմանյան ռազմաբազաներ ուղարկելով՝ Ռուսաստանը ռուսաստանյան խնդիրները տեղափոխում է այն երկիր, որտեղ տեղակայված է այդ ռազմաբազան»,- մեկնաբանեց Ալեքսանդր Գոլցը:

Անդրադառնալով Հայաստանում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի դերակատարությանը` Ալեքսանդր Գոլցն ասաց, որ այդ բազաները կարևոր են և՛ Հայաստանի, և՛ Ռուսաստանի համար: Ըստ նրա` Ռուսաստանի համար դրանք էական են, քանի որ Ռուսաստանը, ըստ էության, զրկվել է իր ռազմաբազաներից Անդրկովկասում, մի տարածաշրջանում, որը բավականին անկայուն է:

«Ես հասկանում եմ, որ եթե ուժային գործողություններ սկսվեն տարածաշրջանում, Ռուսաստանը մեծապես կտուժի, քանի որ ես շատ լավ հիշում եմ փախստականներին, որոնք գտնվում էին Ռուսաստանի սահմանին Աբխազիայում պատերազմի ժամանակ, ես հիշում եմ այն, ինչ տեղի էր ունենում Ղարաբաղյան պատերազմի ժամանակ, և այլն, և այլն: Սա խնդիր է, սա ակնհայտ խնդիր է Ռուսաստանի անվտանգության համար: Ուստի Ռուսաստանը պահպանում է այդ բազան, որպեսզի հնարավորություն ունենա ապագայում մարել հակամարտությունները, որոնք դեռ չեն բռնկվել մեծամասշտաբ կերպով»,- ասաց Գոլցը:

Վերջինիս կարծիքով` բազաները կարևոր են նաև Հայաստանի համար, որը մի քանի տարի առաջ գրանցեց մեծ դիվանագիտական հաղթանակ՝ այդ բազաների մասին համաձայնագիր ստորագրելով՝ պնդելով, որ այսուհետ Ռուսաստանն ապահովի ՀՀ սահմանների անվտանգությունը ոչ միայն ԽՍՀՄ նախկին սահմանների երկայնքով:

«Սա չի նշանակում, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև պատերազմի դեպքում Ռուսաստանը հետևելու է այդ պայմանավորվածությանը տառացիորեն, բայց սա նշանակում է, որ Ռուսաստանն օգտագործում է իր ողջ կշիռը, բոլոր դիվանագիտական հնարավորությունները հայ-ադրբեջանական հնարավոր պատերազմը կանխելու նպատակով»,- ասաց Ալեքսանդր Գոլցը:

Միաժամանակ նա նաև նշեց, թե Ռուսաստանի տրամադրած անվտանգության երաշխիքները Հայաստանին Ղարաբաղի դեպքում չեն գործում: Բայց, ըստ նրա, հասկանալի է, որ Ղարաբաղի և Ադրբեջանի միջև հնարավոր պատերազմի դեպքում Հայաստանն անմասն չի մնալու, իսկ այդ դեպքում, ՀԱՊԿ-ի և հայ-ռուսական համաձայնագրերի համաձայն՝ Ռուսաստանը պետք է հանդես գա՝ որպես Հայաստանի «պաշտպան»:

«Բնականաբար, Գյումրիի ռազմաբազան պետք է գործի դրվեր հնարավոր պատերազմի դեպքում: Սակայն ես խիստ կասկածում եմ, որ պրակտիկայում Ռուսաստանն այդպես է գործելու: Բաց ռազմական գործողություններն այդ գոտում կնշանակեն՝ Ռուսաստանի արտաքին քաղաքականության ձախողում, ուստի Ռուսաստանն օգտագործելու է բոլոր ոչ ռազմական միջոցները հնարավոր պատերազմը կանխելու համար»,- ասաց Գոլցը:

Տեսանյութեր

Լրահոս