Թուրքիան G20-ի երկրների թվում նահանջել է երկու հորիզոնականով

МК-Турция-ի փոխանցմամբ` 2013 թվականին տնտեսության ծավալով աշխարհի երկրների թվում 17-րդ հորիզոնականը զբաղեցրած Թուրքիան 2014 թվականի արդյունքներով նահանջել է երկու հորիզոնականով և հանգրվանել է 19-րդ տեղում:

Այս մասին է վկայել Տնտեսական ու բիզնես հետազոտությունների կենտրոնի (CEBR) «Համաշխարհային տնտեսությունների վարկանիշային աղյուսակը» (WЕLТ): G20-ի երկրների թվում Թուրքիայի հետընթացը կապված է նախորդ տարի երկրում գրանցված քաղաքական լարվածության և գլոբալ տարբեր տնտեսական գործընթացներով:

Զեկույցի համաձայն` նախորդ տարվա անկման հիմնական պատճառը կապված է ամերիկյան դոլարի հանդեպ թուրքական փոխարժեքի անկման հետ: Դիրքերի զիջումը որևէ լավ բան չի խոստանում մինչև 2023 թվականը Թուրքիայի դրած նպատակների իրագործման հարցում, որոնցից մեկը Թուրքիայի Հանրապետության հիմնադրման 100-ամյակի ժամանակ աշխարհի խոշորագույն տնտեսությունն ունեցող երկրների լավագույն տասնյակում տեղ զբաղեցնելն է:

Զեկույցում նշված է, որ Թուրքիան, ամենայն հավանականությամբ, մինչև 2024 թվականը կզբաղեցնի 16-րդ տեղը և մինչև 2030 թվականը` 14-րդ տեղը: 2014 թվականի արդյունքներով Նիդերլանդներն ու Սաուդյան Արաբիան զբաղեցրել են համապատասխանաբար 17-րդ ու 18-րդ տեղերը: Թուրքիայի ազգային եկամուտը 2013 թվականի 827 միլիարդ դոլարից 2014 թվականին նվազել է մինչև 767 միլիարդ դոլարի: Թուրքիան ներկայումս նախագահում է G20-ում:

Տեսանյութեր

Լրահոս