Ամերիկացի մի շարք դիվանագետներ կորցրել են չափի զգացողությունը. Նովրուզ Մամեդով

Haqqin.az պորտալի փոխանցմամբ՝ Ադրբեջանի նախագահի աշխատակազմի՝ արտաքին կապերի բաժնի պետ Նովրուզ Մամեդովը Twitter-ի իր միկրոբլոգում մեկնաբանել է «Ազատություն» ռադիոկայանի Բաքվի գրասենյակում կատարված խուզարկությունների կապակցությամբ ԵԱՀԿ-ում ԱՄՆ-ի ներկայացուցիչ Դանիել Բաերի արած հայտարարությունը.

«ԱՄՆ-ի մի շարք պաշտոնական ներկայացուցիչներ ու դիվանագետներ կորցրել են չափի զգացողությունը: Նրանցից մեկը Բաերն է: Նա մոռանում է, որ թե՛ բռնությունների, թե՛ կոռուպցիայի, թե՛ ձերբակալությունների հայրենիքը հենց իր երկիրն է: Ինչպես երևում է, ԵԱՀԿ-ում ԱՄՆ-ի ներկայացուցիչ, պարոն Բաերն ընդհանրապես որևէ բան չգիտի իր երկրում տեղի ունեցող դեպքերի մասին:

Ավելի լավ կլիներ, եթե նա ծանոթանար Սենատի հետախուզության հանձնաժողովի լսումներին, որոնք տեղի են ունեցել օրեր առաջ: Պարոն Բաերն իր կանխակալ հայտարարություններով փորձում է վնաս պատճառել ամերիկա-ադրբեջանական հարաբերություններին»:

Ավելի վաղ Դանիել Բաերը քննադատել էր Ադրբեջանի իշխանություններին՝ «Ազատություն» ռադիոկայանի գրասենյակը փակելու համար:

Տեսանյութեր

Լրահոս