Վրաստանի ԱԳՆ-ը դատապարտել է Ռուսաստանի ու Հարավային Օսիայի միջև պատրաստվող պայմանագիրը

Новости-Грузия լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանի ԱԳՆ-ը դատապարտել է Ռուսաստանի ու Հարավային Օսիայի միջև համագործակցության ու ինտեգրման մասին պայմանագրի նախագիծը և միջազգային հանրությանը կոչ է արել արժանիորեն արձագանքել Ռուսաստանի գործողություններին:

Դեկտեմբերի 18-ին Հարավային Օսիայի իշխանությունները հրապարակել էին այդ պայմանագրի նախագիծը, որը կրում է ավելի ինտեգրացիոն բնույթ, քան նոյեմբերի 24-ին Մոսկվայի ու Սուխումի միջև ստորագրված դաշնակցության ու ռազմավարական գործընկերության մասին պայմանագիրը, որը նախատեսում է համատեղ զորքերի ստեղծում:

Վրաստանի ԱԳՆ-ը երեկ երեկոյան հայտարարություն է տարածել, որում նշել է, որ այդ պայմանագիրը կոպտորեն ոտնահարում է միջազգային իրավունքը և չի կարող ունենալ իրավական որևէ արդյունք, և որ իրենք այն դիտարկում են որպես Վրաստանի տարածքի բռնազավթմանն ուղղված ակտ:

Սրանից առաջ հաղորդվել էր, որ Ռուսաստանի նախագահի օգնական Վլադիսլավ Սուրկովը հայտարարել էր, որ Ռուսաստանի ու Հարավային Օսիայի միջև դաշնակցության ու ինտեգրման մասին նոր պայմանագրի շուրջ աշխատանքները կավարտվեն 2015 թվականի հունվարի վերջին:

Տեսանյութեր

Լրահոս