«Օձի մի տեսակ կա, սեփական պոչն էլ է կծում, որպեսզի թույնը մեջից թափի՝ դա Ռոբերտ Քոչարյանն է». Ազատամարտիկը՝ երկիրը խառնել ցանկացողների մասին

Ազատամարտիկ Սուրեն Սարգսյանը, որին օրերս անհայտ անձինք ծեծի էին ենթարկել, այսօրվա ասուլիսում կարծիք հայտնեց, թե նման բռնությունների կազմակերպիչը ուզում է երկիրը սոդոմ-գոմորի վերածել: Հարցին՝ ո՞ւմ է դա ձեռնտու, իշխանությանը ձեռնտո՞ւ է, ազատամարտիկը պատասխանեց, որ իշխանությանը ձեռնտու չէ, բայց իշխանությունն է մեղավոր այս ամենի համար, որովհետև, ըստ նրա՝ իշխանությունը օրինական չէ:

Հարցին՝ Դուք տեսնո՞ւմ եք այդպիսի ուժեր, որ ուզում են երկիրը խառնել, Ս.Սարգսյանն այսպես պատասխանեց.

«Բնականաբար, տեսնում եմ: Ուժ համար առաջին՝ Քոչարյան Ռոբերտ: Այսօր «Սիստեմա» ընկերությունը շատ ծանր վիճակի մեջ է, և այնտեղ մի Սաչին կա, որը Ռուսաստանում բոլորի հարցերը լուծում է: Որպեսզի կարողանա կռվել Սաչինի դեմ, իր միլիարդները պահել, Ռ.Քոչարյանը պետք է լինի առնվազն այստեղի վարչապետը կամ նախագահը: Ոչ մեկ մեզ բարեկամ չի, եթե մենք մեր երկրին տեր չենք դառնում»:

Լրագրողներից մեկի հարցին՝ չե՞ք կարծում՝ Դուք էլ կարող եք գործիք դառնալ երկիրը ապակայունացնողների ձեռքում, դուք հիմա ասում եք՝ Քոչարյանն է, դուք կարծում եք՝ հիմա Քոչարյանն այդպես նստած մտածում է՝ ո՞նց վերացնի Ձեզ, ազատամարտիկն այսպես պատասխանեց.

«Քոչարյանը այս երկրի համար մեկ հանցագործն է  եղել, կա ու կմնա՝ հոկտեմբերի 27-ով, մարտի 1-ով, լիքը բաներով, այս երկրի ապիկար, ապաշնորհ վիճակի համար է պատասխանատու, այս օլիգարխների, հանցագործների Ազգային ժողովում հայտնվելու համար է պատասխանատու, Քոչարյանը մեր փողերը թալանելու համար է պատասխանատու, Ռոբերտ Քոչարյանի իշխանավորման տասը տարվա մեջ մոտ մեկուկես միլիարդ դոլարի հասավ Հայաստանի բյուջեն, ինքը 7-8 միլիարդ դոլար աշխատեց: Դա մեզանից թալանած փողն է: Այս երկրի պարտքը Քոչարյանը ուղղակի գողացել է: Նա իր ամբողջ ունեցվածքով պետք է փակի Հայաստանի արտաքին պարտքն էլ, ամեն ինչն էլ»:

Լրագրողների ճշտող հարցին՝ հիմա նա ընկած է Ձեր հետևի՞ց, Ս.Սարգսյանը պատասխանեց, որ Ռ. Քոչարյանը չի կարող  ընկնել իր հետևից. «Նա կարող է այսպիսի բաներ անել, եթե այդ վարկածներն ընդունում ենք, որովեհետև օձի մի տեսակ կա, սեփական պոչն էլ է կծում, որպեսզի թույնը մեջից թափի՝ դա Ռոբերտ Քոչարյանն է»:

Հարցին՝ իսկ Լևոն Տեր-Պետրոսյանը՞, Սերժ Սարգսյա՞նը, ազատամարտիկն այսպես արձագանքեց.

«Ե՛վ Քոչարյանը, և՛ Սերժ Սարգսյանը լեգիտիմություն չունեն, օրինական իշխանություն չեն եղել, եկել են՝ սպանելով, կեղծելով, եկել են՝ թալանով: Տեր-Պետրոսյանը միակ նախագահն է եղել, որ ընտրվել է բացարձակ մեծամասնությամբ, երբ գնաց, փչացավ ամեն ինչ: Այսինքն՝ հիմքերը չպահեցին: Այստեղից եկավ մեր բոլոր դժբախտությունները»:

 

Տեսանյութեր

Լրահոս