«Ամեն վայրկյան կարող է կկուն կանչել». Ազատամարտիկները պատասխան են տալու իրենց հետ կատարվածի համար (տեսանյութ)

Տեղի ունեցածը այն հայտնի խմբավորումներից մեկի կողմից էր, որ իշխանությունների ամենաթողության արդյունքում, մեր երկիրում կան»,- այսօրվա ասուլիսում ասաց Սուրեն Սարգսյանը, որին օրերս ծեծի էին ենթարկել անհայտ անձինք: Խոսելով իր հետ կատարվածի մասին՝ նշեց, որ ինքը չգիտի՝ իրեն պարզապես ծեծելո՞ւ, ուղեղն անջատելո՞ւ, թե՞ սպանելու նպատակ ունեին. «Դա հարձակում էր, աննախադեպ բան էր, լուրջ կազմակերպված, ամիսներ շարունակ լուրջ պլանավորած»:

Նա տեղեկացրեց, որ այդ դեպքից հետո տարբեր մարդիկ, այդ թվում նաև իշխանական, մոտեցել են իրեն ու ասել, թե Սերժ Սարգսյանին դա ձեռնտու չէ, ինչո՞ւ պետք է իրավիճակը լարեր և այլն. «Սլաքներն ուղղեցին քոչարյանական ժամանակների վրա: Ես դեմ չեմ, հնարավոր է նաև Քոչարյանը, հնարավոր է նաև որևէ մեկը, բայց ամենամեծ մեղավորն այնուամենայնիվ մնում են Հայաստանի իշխանությունները, որովհետև նրանց ամենաթողության արդյունքում մենք ունենք զինված հանցախմբեր, մենք ունենք մարդիկ, ովքեր ունեն այդ հանցախմբերը և կարող են հաշվեհարդար տեսնել: Սա երկիրն ապակայունացնելու փորձ էր, հաշվարկը մի քիչ պրիմիտիվ էր արված՝ մտածելով, որ ազամարատիկները հիմա թուր ու թվանքը կվերցնեն, կսկսեն աջ ու ձախ գնդակահարել: Եթե դրա ժամանակը գա՝ մենք կանենք, բայց նրանք կերազեն, որ մենք երկիրը ապակայունացնենք, այդ ամենը, ով էլ դա մտածել էր՝ չի ստանա: Երկրի իշխանությունները օրինական չեն, հանգործ են, հանցածին են»:

Ազատամարտիկը պատմում է, որ երբ ոստիկնանները մոտեցել են իրեն, որ բողոք գրի, ինքը հրաժարվել է. «Եթե մենք ունենայինք ոստիկանություն, եթե ունենայինք դատաիրավական համակարգ, մենք չէինք ունենա նման պատկեր, մենք չէինք ունենա նման հանցախմբեր մեր երկրում: Օր առաջ մենք պետք է ազատվենք այս իշխանություններից և ևս մեկ անգամ մենք դրա անհրաժեշտությունը տեսանք»:

Ս. Սարգսյանը նկատեց, որ ազատամարտիկների համախմբումը շատ վտանգավոր բան է «այս իշխանությունը գողացած մարդկանց համար». «Ամեն վայրկյան կարող է կկուն կանչել, մենք ոչ մեկից պակաս չենք սիրում մեր երկիրը, և չենք պատրաստվում արյան ծով սարքել, բայց դա չի նշանակում, որ այն, ինչ արեցին, հանկարծ կարող է հանդուրժվել և մնալ անպատիժ ու անպատասխան»:

Մանրամասները՝ տեսանյութում:

 

 

Տեսանյութեր

Լրահոս