ԵԺԿ-ը Սաակաշվիլուն հրավիրել է ներկա գտնվել Վրաստանի հետ Ասոցացման համաձայնագրի վավերացմանը
Новости-Грузия լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Եվրոպական ժողովրդական կուսակցությունը (ԵԺԿ) Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլուն հրավիրել է Ստրասբուրգ, ուր Եվրախորհրդարանը վաղը վավերացնելու է ԵՄ-ի ու Վրաստանի միջև ստորագրված Ասոցացման համաձայնագիրը:
Այս մասին հայտարարել է Եվրախորհրդարանի ու ԵԺԿ-ի անդամ Յացեկ Սարիուշ-Վոլսկին. «Մենք հրավեր ենք ուղարկել Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլուն, քանի որ հենց նրա բարեփոխումների ու քաղաքական թիմի շնորհիվ մենք կարող ենք վավերացնել Ասոցացման համաձայնագիրը»:
Սաակաշվիլին ինքը դեռ չի հայտնել, թե արդյոք կմեկնի՞ Ստրասբուրգ, թե՞ ոչ: Հայտնի չէ նաև, թե պաշտոնական Թբիլիսիի կողմից ով ներկա կգտնվի Ասոցացման համաձայնագրի վավերացմանը: Եվրախորհրդարանի այսօրվա լիագումար նիստում քննարկումներ կծավալվեն Վրաստանի շուրջ, իսկ Ասոցացման համաձայնագրի վավերացումը տեղի կունենա վաղը: