Ալժիրի նորանշանակ դեսպանը հավատարմագրերի պատճենը հանձնեց ԱԳ նախարարին
Դեկտեմբերի 11-ին Հայաստանում Ալժիրի նորանշանակ դեսպան Սմաիլ Ալլաուան (նստավայրը` Մոսկվա) հավատարմագրերի պատճենը հանձնեց Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանին:
Ողջունելով նորանշանակ դեսպանին և հաջողություն մաղթելով նրան` իր առաքելության իրականացման ընթացքում` նախարար Նալբանդյանը հույս հայտնեց, որ դեսպան Ալլաուան կնպաստի երկկողմ բարեկամական հարաբերությունների ամրապնդմանը և առավել զարգացմանը:
Շնորհակալություն հայտնելով ընդունելության և բարեմաղթանքների համար` Ալժիրի դեսպանը նշեց, որ Ալժիրում բարձր են գնահատում հայ ժողովրդի հետ ավանդական բարեկամական հարաբերությունները և շահագրգռված են դրանց առավել ընդլայնմամբ։
Զրուցակիցները քննարկեցին երկկողմ հարաբերությունների զարգացմանը, միջազգային տարբեր հարթակներում համագործակցության, իրավապայմանագրային դաշտի ձևավորման, առևտրատնտեսական փոխգործակցության ընդլայնմանը վերաբերող մի շարք հարցեր:
Անդրադարձ արվեց միջազգային և տարածաշրջանային խնդիրների, մասնավորապես` Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակին և հնարավոր զարգացումներին։
ՀՀ Արտաքին գործերի նախարարություն