Թուրքիան 18-ամյա ընդմիջումից հետո խոստովանել է, որ Էգեյան ծովում իր F-16 ինքնաթիռը կործանել է Հունաստանը
Թուրքական Dünya Bülteni լրատվական կենտրոնի փոխանցմամբ՝ պարզվել է, որ 1996 թվականին Հունաստանն է Էգեյան ծովում կործանել Թուրքիայի ռազմաօդային ուժերին պատկանող F-16 ինքնաթիռը: Կործանված ինքնաթիռի օդաչու Նաիլ Էրդողանի շուրջ տարվող 18-ամյա իրավական պայքարը նոր ուղղություն է ստանում:
Դատախազությունը պատրաստվում է տվյալ միջադեպի կապակցությամբ դատական գործընթաց սկսել Հունաստանի տվյալ ժամանակվա պաշտոնյաների նկատմամբ, ինչպես որ ժամանակին արվել է «Մավի Մարմարայի» միջադեպի (Իսրայել) կապակցությամբ:
1996 թվականին թուրքական կողմն Էգեյան ծովում՝ Սաքըզ կղզու հարավային հատվածի մոտ, Նաիլ Էրդողանի ինքնաթիռի կործանման միջադեպը որակել էր որպես «շնային մարտեր» (dogfight) ու «վթար» (օդում միմյանց բավական մոտենալու վտանգավոր շարժումների հետևանքով բախում): Օդաչուներից Օսման Չիլեքլիին հաջողվել էր փրկել, իսկ Նաիլ Էրդողանն ինքնաթիռի հետ միասին հայտնվել էր ծովի հատակին:
Այս միջադեպի գրանցվելուց ուղիղ 16 տարի անց Սիրիան Միջերկրական ծովում կործանեց Թուրքիայի ռազմաօդային ուժերի ինքնաթիռը, որի օդաչուները ջրում հայտնվեցին մի քանի հարյուր մետր խորության վրա: Տվյալ ժամանակ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանի դուստր Էվրիմ Էրդողանը հորը թախանձագին խնդրել է օդաչուների դիակները դուրս բերել ծովի հատակից:
2014 թվականի ապրիլի 13-ին Ռեջեփ Էրդողանի հրամանով ձեռնարկվում են որոնողա-փրկարարական աշխատանքներ, որոնց մասնակցում են մի շարք նավեր: Սակայն 16-օրյա ապարդյուն փորձերից հետո այդ աշխատանքները դադարեցվում են: Արդյունքներ չեն տվել նաև Նաիլ Էրդողանի դիակը փնտրելու աշխատանքները:
Այժմ, երբ Իզմիրից ընտրված ԺՀԿ-ական պատգամավոր Ռահմի Աշքըն Թյուրելին Նաիլ Էրդողանի դիակի որոնման կապակցությամբ հարց է հղել երկրի պաշտպանության նախարար Իսմեթ Յըլմազին՝ վերջինս պատասխանել է, որ դիակի որոնման աշխատանքները չեն պսակվել հաջողությամբ:
Յըլմազն ընդգծել է, որ 1996 թվականի հոկտեմբերի 8-ին Թուրքիայի ռազմաօդային ուժերի F-16 կործանիչն Էգեյան ծովում կործանել են Հունաստանի կործանիչները: Ընդգծվում է, որ Թուրքիայում պաշտոնապես առաջին անգամ է հնչեցվում նման տեսակետ:
Հիշեցնենք, որ 2013 թվականի մարտին թուրքական մամուլը գրել էր, որ վերջին 50 տարում Թուրքիայի հարևանները կործանել են նրան պատկանող 3 մարտական ինքնաթիռ: Ի դեպ, 1990-ական թվականներին Թուրքիայում կարծում էին, որ երկիրը հայտնվել է միաժամանակ 2.5 պատերազմ մղելու վտանգի տակ և պետք է ունակ լինի միաժամանակ 2.5 պատերազմ մղելուն: