Բաժիններ՝

Վերջին 50 տարում թուրքական ավիացիայի որքա՞ն մարտական ինքնաթիռ են կործանել հարևան երկրները

Թուրքական Haberler.Com լրատվական կայքի փոխանցմամբ՝ Թուրքիայի պաշտպանության նախարար Իսմեթ Յըլմազը տվյալներ է հրապարակվել 1965 թվականից հետո հարևան երկրների կողմից Թուրքիայի մարտական ինքնաթիռների կործանման մասին:

Դա տեղի է ունեցել այն բանից հետո, ինչ տվյալ հարցով նրան դիմել է հիմնական ընդդիմադիր «Ժողովրդա-հանրապետական» կուսակցության (ԺՀԿ) պատգամավոր Լյութֆի Բայդարը: Վերջինս հետաքրքրվել է 1965 թվականից հետո այլ երկրների կողմից Թուրքիայի մարտական ինքնաթիռների կործանման դեպքերի և դրանց արդյունքում փրկված օդաչուների ներկայիս վիճակի մասին:

Յըլմազի ներկայացրած տվյալներով, հարևան երկրների կողմից Թուրքիայի ռազմաօդային ուժերի ինքնաթիռի վայր գցման ամենաթարմ դեպքը գրանցվել է նախորդ տարվա հունիսի 22-ին, երբ Սիրիան Միջերկրական ծովում վայր գցեց Թուրքիայի ռազմաօդային ուժերին պատկանող RF-4E հետախուզական ինքնաթիռը, ինչի հետևանքով զոհվեցին նրա երկու օդաչուները:

Սիրիան պնդում է, թե թուրքական ինքնաթիռը մուտք է գործել իր օդային սահման, ինչից հետո այն վայր է գցվել: Թուրքական կողմը դա հերքում էր՝ պնդելով, թե իր ինքնաթիռը Սիրիայի տարածքային ջրերում է հայտնվել միայն խփվելուց հետո՝ անկում ապրելիս: Տարբեր վարկածներով՝ թուրքական ինքնաթիռը վայր է գցվել Սիրիայի հակաօդային պաշտպանության կամ Միջերկրական ծովում գտնվող սիրիական նավատորմի կողմից:

Պարզվում է, որ դրանից առաջ Թուրքիայի հարևան երկրները կործանել են նրա երկու մարտական ինքնաթիռ: Առաջին միջադեպը գրանցվել է 1983 թվականի սեպտեմբերի 14-ին, Իրաքի Զահո հովտում: Այդ ժամանակ Իրաքի ռազմաօդային ուժերը կործանել են Դիարբեքիրի ավիաբազայից մեկնարկած Թուրքիայի ռազմաօդային ուժերի Süper Sabre F-100 մարտական երկու ինքնաթիռներից մեկը:

Կործանված ինքնաթիռի երկու օդաչուներին հաջողվել էր կատապուլտի միջոցով դուրս թռչել ինքնաթիռից և փրկվել: Իսկ երկրորդ ինքնաթիռը կարողացել էր վերադառնալ Դիարբեքիր: Միջադեպից 56 օր անց երկու օդաչուներն ազատ էին արձակվել և հանձնվել էին թուրքական կողմին, ինչից հետո ուղղաթիռով ուղարկվել էին Վան:

Թուրքական կողմի պնդմամբ՝ կործանիչը Դիարբեքիր վերադառնալիս սխալմամբ մտել է Իրաքի օդային տարածք և վայր է գցվել Իրաքի ռազմաօդային ուժերի 79-րդ նավատորմի Mirage F1 ինքնաթիռի «օդ-օդ» տիպի հրթիռով: Այս միջադեպը գրանցվել է Իրան-իրաքյան ութամյա (1980-1988) պատերազմի ժամանակ:

Մյուս միջադեպը գրանցվել է 1996 թվականի հոկտեմբերի 8-ին, Էգեյան ծովի Սաքըզ կղզու հարավում: Հունական ինքնաթիռների հետ «շնային մարտեր» մղելիս կործանվել էր Թուրքիայի ռազմաօդային ուժերին պատկանող F-16 կործանիչը, ինչի հետևանքով օդաչուներից մեկը փրկվել էր, իսկ մյուսը՝ ոչ

(թուրք օդաչուներն իրենց շարունակ իրավունք են վերապահում թռչելու Էգեյան ծովում միմյանց հարող կղզիների վրայով, ինչը Հունաստանը դիտարկում է որպես իր օդային տարածքի խախտում և կանոնավոր օդ է բարձրացնում իր կործանիչները: Սակայն դրանք կրակ չեն արձակում և մանևրների միջոցով հակառակորդի էսկադրիլիաներին «ուղեկցում» են դեպի թուրքական օդային տարածք: Թուրքական կողմը դրանք անվանում է «շնային մարտեր» – 168.am):

Տարիներ անց հունական մամուլը գրեց, որ թուրքական ինքնաթիռը կործանվել է ոչ թե Հունաստանի ռազմաօդային ուժերի տրամադրության տակ եղած ֆրանսիական արտադրության Mirage-2000 մարտական ինքնաթիռի հետ բախման հետևանքով, այլ՝ այն պատճառով, որ վերջինս հրթիռով հարվածել է F-16-ին:

Այդպիսով, այլ երկրների կողմից կործանվել են թուրքական երեք մարտական տարբեր ինքնաթիռ, ինչի հետևանքով զոհվել է 3 օդաչու, որոնցից 2-ը՝ վերջին միջադեպի ժամանակ:

Հիշեցնենք, որ մեկ ամիս առաջ փոխնախագահ Ումութ Օրանը հայտարարել էր, որ Թուրքիայի զինված ուժերը սեփական ցանկությամբ լքել է 110 մարտական օդաչու (15 տոկոս), որոնցից 30-ը՝ 3 օրվա ընթացքում: Օրանի խոսքերով՝ Թուրքիայի զինված ուժերին հրաժեշտ տված այդ օդաչուները սպասարկում էին F-16 կործանիչներն ու F-4 հետախուզական ինքնաթիռները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս