Բաժիններ՝

«Շնորհակալ եմ Աստծուն այն ամենի համար, ինչ ունեմ». Միհրան Ծառուկյան

Ցանկացած ոլորտում մարդու ուժը հավատն է: Երբ հավատքդ ուժեղ է, կայուն, ապա Աստծո աջակցությանն առավել հաճախ ես դիմում: Qahana.am-ն այսօր զրուցել է երիտասարդ երգիչ Միհրան Ծառուկյանի հետ:

– Հավատքը երգչին, ստեղծագործող մարդուն որքանո՞վ է օգնում կամ խանգարում:

– Կապ չունի, թե որ բնագավառից ես: Հավատքն ամեն գործում, ամեն վայրկյան կարող է քեզ օգնել: Ինձ մոտ գոնե այդպես է: Հաճախ պատահում է, որ տրամադրության անկման կամ ուրախ ժամանակ մտքում խաչակնքվում եմ, Աստծուն շնորհակալություն հայտնում:

– Ստեղծագործելու, կենտրոնանալու համար պատահո՞ւմ է, որ դիմեք Աստծո, սրբերի բարեխոսությանը:

– Իհարկե, պատահում է: Ցանկացած մարդու կյանքում էլ մի պահ է գալիս, որ խնդրում ենք՝ մեր մտքերը, ցանկությունները իրականանան, մուսան գա, ու ամեն ինչ լավ լինի:

– Միհրան դուք, ինչպեսև մեր շատ հանրաճանաչ հավատքով մարդիկ, պարբերաբար լինում եք Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու նախաձեռնած միջոցառումների կողքին: Տոներից տեղեկացվա՞ծ եք, ինչպե՞ս եք վերաբերում:

– Ճիշտ է, տոների մասին շատ տեղեկացված չեմ, բայց այն ամենը, ինչն առնչվում է  եկեղեցուն, ինձ անտարբեր չի թողնում: Միշտ պատրաստ եմ կանգնել մեր Հայ առաքելական եկեղեցու կողքին, օգտակար լինել: Երիտասարդներն էլ, հետաքրքրված լինելով այս կամ այն երգչով, դերասանով, որքան էլ օտարամոլ լինեն, սկսում են դեպի եկեղեցի «քայլել», հասկանալ՝ ի՞նչ տոն է, որտեղից է գալիս: Հրաշալի է, որ դուք կազմակերպում եք, իսկ մենք՝ մասնակցում:

– Այսօր պարբերաբար կազմակերպվում են բարեգործական համերգներ: Մասնակցո՞ւմ եք:

– Այո, բայց նախկինում ավելի հաճախ էի մասնակցում: Այդ հարցում հավատս մի քիչ տատնվում է. վստահ եմ, որ այդ համերգները կազմակերպողների մեծ մասը գումար է աշխատում: Այլ պատկեր կլինի, եթե իմ ներկայությամբ գումարը հանձնվի հասցեատիրոջը, բայց երբ հրավիրում են երգելու՝ ասելով, որ գումարը կփոխանցեն այս կամ այն մարդուն, չեմ հավատում: Ինչպե՞ս պետք է համոզված լինեմ, որ կփոխանցեն: Շատերը գումար աշխատելու հեշտ տարբերակ են գտել:

– Նման անարդարությունների դեմ ինչպե՞ս եք պայքարում:

– Ես չեմ պայքարում, պարզապես երբ հասկանում եմ, թեկուզ փոքրիկ մի բան այն չի, կասկածներ ունեմ, չեմ մասնակցում: Գուցե և փոխանցում են, բայց «աշխատում» են 5000 դոլար, որից 2000-ն են փոխանցում, մնացածը գրպանում: Վերջին 1-2 տարիների ընթացքում նման կեղծ համերգների շատ դեպքեր բացայատվեցին: Պատրաստ եմ ինքս հնարավորության սահմաններում օգտակար լինել: Այդպես ինձ ավելի հանգիստ կզգամ:

– Մեր զրուցակիցներից շատերն ունեն նախընտրած եկեղեցիներ, որտեղ իրենց առավել հանգիստ են զգում՝ Ս. Սարգիս, , Ս. Աստվածածին Ս. Զորավոր, Ս. Կաթողիկե … Դուք և՞ս ունեք նախընտրած եկեղեցի, որտեղ Ձեզ ավելի հանգիստ եք զգում:

– Նորք-Մարաշի Ս. Մարիամ Աստվածածին եկեղեցում եմ հաճախ լինում: Սիրում եմ միայնակ այցելել, նստել ու Աստծո հետ առանձին մնալ: Եթե իմ կյանքում, գործերում նույնիսկ դժվարություններ են հանդիպում, մտածում եմ, որ ինքս եմ սխալ: Շնորհակալ եմ Աստծոն այն ամենի համար, ինչ ունեմ:

Նելլի Մարգարյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս