«Մի ապակողմնորոշեք մարդկանց, սա տնտեսական ինտեգրացիա չէ». Ռուբիկ Հակոբյան

«Եթե մի ընտանիք անկազմակերպ է, հարևանները փորձում են օգտվել դրանից: Նույնը պետությունն է: Ասում են՝ դուռդ փակի, գողը չմտնի: Ի՞նչ կապ ունեն Ռուսաստանը կամ Ամերիկան»,- այսօր Ազգային ժողովի նիստում ԵՏՄ պայմանագրին միանալու հարցի վերաբերյալ եզրափակիչ ելույթների ժամանակ հայտարարեց Ռուբիկ Հակոբյանը:

Նա հարցադրում արեց, թե ինչպե՞ս էր, որ առաջին դարում ունեինք՝ 310 հազար քկմ Հայաստան, իսկ այսօր՝ 29 հազար քկմ. «Մենք ուժ ունենք հասկանալու, որ մենք ենք այս ամենի մեղավորը: Ամերիկայի՞ն մեղադրենք, որ կոնչիտաներին է բերում, թե՞ Ռուսաստանին, որ զենք է վաճառում: Ռուսաստա՞նն է մեղավոր, որ ընտրություններ ենք կեղծում, վերացրել ենք մանր ու միջին բիզնեսը: Մենք ենք մեղավոր, նրանք էլ օգտվում են»:

Ռ. Հակոբյանը Հայաստանը նմանեցրեց մի կնոջ, ով օրվա առաջին կեսը մեկին է սեր խոստովանում, մյուս կեսը՝ դրա հակառակորդին: Նա նշեց, որ իշխանական գործընկերներին ասել է՝ Նազարբաևը պահանջելու է մաքսակետ դնել, բոլոր միջազգային նորմերով իրավունք ունի։ Պատասխանել են, թե մեր բանակցային կողմը չի բարձրացրել նման հարց. «Մի ապակողմնորոշեք մարդկանց, սա տնտեսական ինտեգրացիա չէ: Սա բացարձակ քաղաքական հարց է և մեր քաղաքական մոտեցումները պետք համարժեք դարձնենք այսօրվա վիճակին: Մենք մեր մանևրելու դաշտը փակում ենք: Ես գիտեմ, որ ձեզնից շատ-շատերը դեմ են սրան: Ձեր խղճի մտոք քվեարկեք»:

«Ես կխնդրեի Ձեր դիրքերը ապահովեք Ձեր խմբակցության մեջ ու խորհուրրդներ մի տվեք»,- արձագանքեց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը:

Տեսանյութեր

Լրահոս