ՀՔԾ-ն Մարտի 1-ի գործով միայն արխիվ է հավաքում
2014 թ. սեպտեմբերի 13-ին Արզնիում տեղի ունեցած ոստիկանության զորավարժությունների ժամանակ ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը` պատասխանելով լրագրողի Մարտի 1-ի դեպքերի և հանցագործների բացահայտման վերաբերյալ հարցին ասել էր. «Մարտի 1-ին իմ մասնակցությունը եղել է այնքանով, որ ռազմական ոստիկանությունը կառավարության շենքի պահպանությունն է վերցրել իր վրա, և ես օպերատիվ խմբով արդեն դեպքի վայրից հետո տեղազննություններին մասնակցել եմ նույնպես»:
Այս հայտարարությունը հիմք է տալիս եզրակացնել, որ ռազմական ոստիկանությունը, Մարտի 1-ին գործել է անօրինական, քանի որ «Ռազմական ոստիկանության մասին» ՀՀ օրենքում հստակ նշվում են, թե որ դեպքերում և ինչ գործողություններ կարող է իրականացնել ռազմական ոստիկանությունը: Մասնավորապես «Ռազմական ոստիկանության մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածն ամրագրում է ռազմական ոստիկանության խնդիրները, այն է՝ Ռազմական ոստիկանությունը, օրենքին համապատասխան, ապահովում է՝ 1) հետաքննության իրականացումը զինված ուժերում` զինվորական հանցագործությունների վերաբերյալ գործերով, ինչպես նաեւ այն արարքների վերաբերյալ գործերով, որոնք կատարվել են զորամասի տարածքում կամ վերագրվում են ժամկետային ծառայության զինծառայողներին. 2) զինծառայողների կողմից նախապատրաստվող կամ կատարվող հանցագործությունների նախականխումը, կանխումը եւ խափանումը. 3) լիազոր մարմնին ամրացված պետական գույքի պահպանությունը. 4) զինված ուժերի տրանսպորտային միջոցների նպատակային շահագործումը եւ անվտանգ երթեւեկությունը: Ինչպես նաև «Ռազմական ոստիկանության առջեւ այլ խնդիրներ կարող են դրվել միայն օրենքով»:
Ելնելով օրենքի վերահիշյալ դրույթից ՀՔԱ Վանաձորի գրասենյակը ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանին և ՀՀ ՀՔԾ պետ Վ. Շահինյանին դիմում էր ուղարկել, որով պահանջել է համապատասխան միջոցներ ձեռնարկել ռազմական ոստիկանության կողմից 2008 թ. Մարտի 1-ին կատարած գործողություններին իրավական գնահատական տալու, տվյալ արարքը կատարած այլ պաշտոնատար անձանց բացահայտելու և օրենքով սահմանված կարգով համապատասխան պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ: Ի պատասխան դիմումի ՀՀ գլխավոր դատախազության հատկապես կարևոր գործերով քննության վարչության ավագ դատախազ Գ. Գևորգյանը հայտնել է, որ կազմակերպության դիմումն ուղարկվել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն՝ 2008 թ. մարտի 1-ի դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում ընթացքը լուծելու համար: Սպասում ենք․ ՀՀ ՀՔԾ-ի արձագանքին․․.
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ