Բաժիններ՝

Սաակաշվիլին քրեական հետապնդման պատճառով չի կարողացել մասնակցել Բենդուկիձեի հուղարկավորմանը

Lenta.ru-ի փոխանցմամբ` Թբիլիսիում երեկ տեղի է ունեցել Վրաստանի էկոնոմիկայի նախկին նախարար Կախա Բենդուկիձեի հուղարկավորությունը: Նրան հուղարկավորել են Կուկիա գերեզմանոցում` իր ծնողների հարևանությամբ: Գործարարը կյանքի ընթացքում կտակել էր իրեն հուղարկավորել այդ տեղում:

Առավոտյան ժամերին Կախա Բենդուկիձեի դիակը դրվել է նրա հիմնած Ազատ համալսարանի տարածքում: Նրա հոգեհանգստյան արարողությանը մասնակցել են նախկին նախարարի համակիրները, քաղաքական գործիչներ, դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ ու համալսարանի ուսանողներ:

Բենդուկիձեի ընտանիքին իր ցավակցություններն են հղել Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլու մայրն ու նրա կին Սանդրա Ռուլովսը: Վերջինս ընթերցել է Սաակաշվիլու նամակը: Սաակաշվիլին ինքը քրեական հետապնդման պատճառով չի կարողացել ներկա գտնվել գործարարի հուղարկավորությանը:

Կախա Բենդուկիձեն սրտի անբավարար աշխատանքի հետևանքով 58 տարեկանում մահացել է նոյեմբերի 13-ին, Լոնդոնում: 2004 թվականին Բենդուկիձեն Սաակաշվիլու հրավերով զբաղեցրել է Վրաստանի էկոնոմիկայի նախարարի պաշտոնը:

2004-2008 թվականներին Բենդուկիձեն եղել է Վրաստանի տնտեսական բարեփոխումների համակարգման հարցերով նախարար, իսկ 2008-2009 թվականներին նա գլխավորել է Վրաստանի կառավարության գրասենյակը: 2007 թվականին հիմնել է Թբիլիսիի Ազատ համալսարաննն ու Վրաստանի ագրարային համալսարանը:

2014 թվականի մայիսին Կախա Բենդուկիձեն ընդունել է Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի առաջարկը` դառնալու համար հանրապետության կառավարությանը կից Տնտեսական խորհրդակցային խորհրդի անդամ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս