Դատարանը տնային կալանք է սահմանել Ղազախստանի նախկին վարչապետի համար
Новости-Казахстан լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ղազախստանի նախկին վարչապետ Սերիկ Ախմետովին մեղադրել են կոռուպցիոն գործունեություն ծավալելու մեջ: Այս մասին հայտնել է Պետական ծառայության ու կոռուպցիային հակազդելու գործերով գործակալությունը:
Կարագանդա քաղաքի շրջանային դատարանը վճռել է Ախմետովի նկատմամբ որպես նախնական խափանման միջոց ընտրել տնային կալանքը: Այլ տեղեկություններ չեն հրապարակվում՝ ելնելով հետաքննության շահերից: Հակակոռուպցիոն ծառայությունը միայն մանրամասնել է, որ խոսքը գնում է կոռուպցիոն քրեական մի շարք ծանր գործերի մասին:
Սերիկ Ախմետովը Ղազախստանի վարչապետ է հանդիսացել 2012 թվականի սեպտեմբերից մինչև 2014 թվականի ապրիլն ընկած ժամանակահատվածում: Դրանից հետո նա նշանակվել է Ղազախստանի պաշտպանության նախարար, և այդ պաշտոնը լքել է 2014 թվականի հոկտեմբերի 22-ին: