Սկզբից «Ընտրական օրենսգիրք», հետո՞ Սահմանադրություն, թե՞ հակառակը

Շատերն այսօր փորձում են գուշակել, թե արդյո՞ք եռյակը դադարեցնելով հանրահավաքային պայքարը՝ բանակցությունների մեջ է մտել իշխանությունների հետ, թե՞, այնուամենայնիվ, սա տեխնիկական դադար է, որը եռյակն օգտագործելու է իր ուժերը վերակազմավորելու և հանրահավաքային պայքարին ավելի կազմակերպված տեսք տալու համար:

Երեկ ԱԺ-ում սկսվեց «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանի ներկայացրած Ընտրական օրենսգիրքը բարեփոխելու մասին ԱԺ որոշման նախագծի քննարկումը: Հակոբյանը եռյակի անունից առաջարկում է, որ ԱԺ-ն որոշում ընդունի ԱԺ հինգերորդ գումարման վեցերորդ նստաշրջանի ժամանակ Ընտրական օրենսգրքում փոփոխություն կատարելու վերաբերյալ:

Մասնավորապես՝ առաջարկվում է սահմանել 100 տոկոս համամասնական ընտրական համակարգ, ընտրական հանձնաժողովների ձևավորման նոր կարգ և իրականացնել քվեարկության արդյունքների հաշվառման համակարգի կատարելագործում: Եթե ԱԺ-ն ընդունի Հակոբյանի ներկայացրած որոշման այս նախագիծը, ապա հաջորդ քայլը կլինի Ընտրական օրենսգրքի նոր տարբերակի ներկայացումը խորհրդարան, որտեղ ներառված կլինեն որոշման մեջ ամրագրված կետերը:

Բայց երեկվա քննարկումներից պարզ էր, որ ԱԺ ՀՀԿ-ական մեծամասնությունն այնքան էլ հակված չէ ընդունելու եռյակի ներկայացրած այս որոշումը: Արդյո՞ք այս որոշման նախագծի մերժումը եռյակի ներկայացուցիչները կհամարեն 12 կետերի կատարման պահանջի մերժում՝ նկատի ունենալով, որ Ռուբեն Հակոբյանը եռյակի անունից հայտարարել էր, որ իրենք իշխանություններին առաջարկում են 12 կետերի կատարումը սկսել 10-րդ կետից, որտեղ նույն պահանջներն են, ինչ ԱԺ ներկայացված որոշման նախագծում:

Կարդացեք նաև

Ռուբեն Հակոբյանը մեր այս հարցին միանշանակ պատասխան տվեց. «Այո, եթե ՀՀԿ-ն դեմ քվեարկի որոշման նախագծին, մենք դա համարելու ենք 10-րդ կետի մերժում»: Մեր նույն հարցին ԲՀԿ խմբակցության անդամ Էլինար Վարդանյանը նույնպիսի պատասխան տվեց. «Եթե որոշման նախագիծը մերժվի, ապա դրանով իշխանությունները կփաստեն, որ մերժում են 12 կետերի կատարումը»: Ստացվում է, որ եթե ՀՀԿ-ն դեմ քվեարկի որոշման նախագծին, եռյակն արդեն երկրորդ անգամ կհամոզվի, որ իշխանությունները հակված չեն կատարելու իրենց կողմից ներկայացված պահանջները: Երկրորդ անգամ, քանի որ առաջին անգամ դրանում համոզվեցին, երբ կառավարությունը հայտարարություն տարածեց եռյակի 12 կետերի կատարման վերաբերյալ:

Ճշտելու համար ՀՀԿ խմբակցության դիրքորոշումը, խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանին հարցրեցինք, թե ինչպե՞ս են քվեարկելու, երբ Ռուբեն Հակոբյանի ներկայացրած որոշման նախագիծը խորհրդարանում դրվի քվեարկության:

«Այո, Ընտրական օրենսգիրքը վերանայման կարիք ունի, մենք չեն մերժում որևէ բանակցություն այս հարցով, սակայն այս պահին Ընտրական օրենսգրքում փոփոխությունների կատարումը համարում ենք ժամանակավրեպ»: Բաղդասարյանը մանրամասնեց, որ իրենք այդ հարցին պատրաստ կլինեն անդրադառնալ սահմանադրական փոփոխությունների իրականացումից հետո:

Այսպիսով, առնվազն խորհրդարանի հաջորդ քառօրյայի ժամանակ ՀՀԿ-ն դեմ քվեարկելով Ռուբեն Հակոբյանի կողմից ներկայացված որոշման նախագծին՝ կմերժի եռյակի հետ համաձայնության գալու հնարավորությունը: Եռյակում ևս որևէ կասկած չունեն, որ իշխանությունը մերժելու է այդ որոշման նախագիծը՝ առաջնորդվելով «սկզբում՝ սահմանադրական փոփոխություններ, հետո՝ Ընտրական օրենսգրքի բարեփոխում» բանաձևով: Բայց ԲՀԿ-ին մինչև հերթական մերժում ընկած ժամանակը պետք է հանրային տրամադրությունների ուսումնասիրման համար, ինչի նպատակով հարցումներ են անցկացվում:

ԲՀԿ խմբակցության անդամ Ստեփան Մարգարյանն ասում է, որ իրենք մարզերում հարցումներ են անում, որոնց հիմնական նպատակն է՝ պարզել, թե ինչպիսի վերաբերմունք ունի հասարակությունն իշխանության, եռյակի, նրա կողմից իրականացվող քայլերի նկատմամբ, ինչ ակնկալիքներ ունեն եռյակից: Ըստ Մարգարյանի՝ իրենք արդեն ունեն առաջին արդյունքները, որոնցից դատելով՝ կարող են ասել, որ բոլորը պասիվ դժգոհ են, բոլորը պասիվ ողջունում են փոփոխությունները, սակայն իրենց համար կարևոր է հասկանալ, թե ո՞ր մասն է, որ պատրաստ է ակտիվորեն մասնակցել այդ փոփոխությունների իրականացմանը: Ըստ Մարգարյանի՝ իշխանափոխության համար անհրաժեշտ կուլմինացիան դեռ չկա, բայց կլինի մոտ ապագայում:

Այս պահին կարելի է արձանագրել, որ եռյակը ներկայացրել է Ընտրական օրենսգրքի փոփոխության իր տարբերակը և սպասում է, որ ՀՀԿ-ն դեկտեմբերի սկզբին տեղի ունենալիք ԱԺ հերթական նստաշրջանում մերժի այն, որից հետո հնարավոր կլինի հայտարարել, որ իշխանությունները հերթական անգամ ցույց տվեցին, որ պատրաստ չեն երկխոսության և ընդամենը երկխոսության իմիտացիա են անում և ժամանակ ձգում: Այդ ժամանակը նրանք կօգտագործեն իրավիճակն անհրաժեշտ կուլմինացիային հասցնելու համար:

Թվում է, թե ամեն ինչ գնում է դեպի իշխանափոխության կատարյալ հաղթանակ: Բայց առաջիկայում կուլմինացիային խանգարող մի քանի հանգամանքներ կան. նախ՝ Ամանորը, և հետո՝ չի բացառվում, որ Սերժ Սարգսյանը կարող է նոր հարցազրույց տալ, որտեղ նրա կողմից արտահայտված որոշ մտքեր եռյակը կընկալի՝ որպես նոր բանակցությունների սկիզբ, և նոր նախապայմաններ կառաջարկի իշխանությանը՝ այդ բանակցություններին մասնակցելու համար:

 

Տեսանյութեր

Լրահոս