Ահարոն Ադիբեկյան. Ամեն մեկը ուզում է «վերմակը իր վրա քաշի»
«Հետաքրքիրն այն է, որ այս օրենքը, որն ունի ազգի ապագայի համար բավականին կարևոր նշանակություն, քաղաքականացվում է: Եթե կուսակցությունները մտահոգ են, դժվար չէ մի հատ գիտական կոնֆերանս կազմակերպել, կամ մի շարք հանրային քննարկումներ: Նման բան չեն անում ու ելույթներ են ունենում, քննադատում են: Կարող է ինքը, իրոք, լավն է՝ մենք չենք հասկանում»,- այսօր՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը՝ խոսելով «Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու նախագիծի մասին:
Ըստ նրա՝ կնոջը պետք է նայել՝ որպես ազգային կարևորագույն ռեսուրսներից մեկը, որը չի կարելի շահագործել անիմաստ, պետք է կարողնանք նրան ռացիոնալ օգտագործել:
Սոցիոլոգի խոսքով՝ քանի որ երկիրը պառակտված է (քաղաքական դաշտն ու հասարակությունը, ցանկացած բախում) ցանկացած լարվածություն ձեռք է բերում քաղաքական երանգ և դառնում է վիճարկման կամ պայքարի խնդիր. «Դա նաև խանգարում է խնդրի լուծմանը: Կարող է կա փոխզիջումային լուծում, բայց քանի որ իրենք հակադիր են, ամեն մեկը ուզում է «վերմակը իր վրա քաշի»: Ես խնդրում եմ, որ նման խնդիրների համար, որոնք վերաբերվում են ազգին, ոչ թե քաղաքական տարբեր ուժերին, լինի մի հարթակ, որտեղ բոլորս հավասար գանք, քննարկենք ու խորհուրդ տանք ու լսելի լինենք բոլորի կողմից: Ես դեմ եմ, որ տարբեր կուսակցության ղեկավարներ իրենց կարծիքն են հայտնում այնպես, որ դա ճշմարտության վերջնական աստիճանն է: Տենց բան չկա: Եթե մեկ-երկու տարի առաջ դրվեր Կուտակայինի նախագիծը քննարկման, բոլորը կարծիքներ հայտնեին, դժգոհությունները, գնահատականները, կարող է մենք գտնեինք մի հատ ճկուն տարբերակ, որով այդ ծրագիրն ավելի ընդունելի կլիներ»:
168.am-ի հարցին՝ մեղավորն այս պարագայում ո՞վ է, չէ՞ որ իշխանությունները պետք է քննարկման դնեին այն, սոցիոլոգն այսպես պատասխանեց. «Ամերիկայի Կոնգրեսը ունի ֆոնդ, ունի աշխատակազմ: Երբ օրենքը իր ընտրողների շահերին է խփում, նա ինքն իր ընտրաշրջանում քննարկումներ է անում: Այնտեղի ընկերություններին կանչում է: Իր առաջարկը բերում է Կոնգրես: Իսկ այստեղ մեր չինովնիկը նստած իր կենսական փորձից, գիտելիքների այսքան մակարդակից որոշում է կայացնում, կարծիք է հայտնում»:
Հարցին՝ վարչապետը կառավարության վերջին նիստում ասաց՝ հղիները պետք է չտուժեն, կարո՞ղ ենք ակնկալել, որ ինչ-որ բան փոխվի, Ա. Ադիբեկյանը պատասխանեց.
«Հույս ունենաք: Չեռնոմիրդինը լավ բան էր ասում՝ «хотелось как лучше а получилось как всегда»: Մենք էլ ենք ուզում, որ լավ լինի, բայց սովորաբար ստացվում է այնպես, ոնց ստացվում է: Լավ կլինի, որ ժողովուրդը չտուժի»: