Նշե՞լ, թե՞ չնշել Հելոուինը Հայաստանում (լուսանկարներ)
Այսօր հավանաբար բոլորս էլ եթե նույնիսկ չենք նշում, բայց գոնե լսում ենք մեզ համար օտար մի տոնի մասին, որ ողջ աշխարհում կոչում են Հելոուին: Այն հիմնականում նշվում է ԱՄՆ-ում, Կանադայում, Իռլանդիայում, Մեծ Բրիտանիայում և Ֆրանսիայում: Մասամբ նշվում է նաև այլ երկրներում:
Տոնի արմատները շատ խորն են. դեռևս 2000 տարի առաջ կելտերի կողմից տոնվող հնագույն հեթանոսական տոնակատարություններից է եղել և կոչվել է Սամայն: Տոնի օրը համընկնում էր հոկտեմբերի վերջին և նոյեմբերի սկզբին՝ հիմնականում հոկտեմբերի 31-ին կամ նոյեմբերի 1-ին: Սամայնի գիշերը մարում էին բոլոր լույսերը, որպեսզի մարդիկ իրենց տների կրակը նորովի վառեին դրուիդների՝ կելտ քրմերի խարույկից:
Խորհրդավոր համարվող այդ գիշերը, սակայն, համարվում էր նաև ամենասարսափազդուն, քանզի հեթանոս կելտերը հավատում էին, որ այդ ժամանակ մահացածները կարող էին շրջել ապրողների մեջ, և կենդանի մարդիկ կարող էին շփվել մահացածների հետ: Որոշ կելտեր հագնում էին չարքերի հանդերձանք, որպեսզի թափառող ուրվականները յուրայինների տեղ դնեին իրենց և չվնասեին: Ոմանք էլ քաղցրավենիք էին առաջարկում ոգիներին՝ նրանց հանդարտեցնելու համար:
Թեև Բրիտանիայի և Իռլանդիայի քրիստոնեացումից հետո կելտերը հրաժարվեցին Սամայնը նշելուց, սակայն դրա հետ կապված մի շարք սովորույթներ և սնահավատություններ դեռևս մնացին կենսունակ: 835թ. Հռոմի Գրիգոր 4-րդ Պապի օրհնությամբ Արևմտյան եկեղեցին հաստատեց, որ բոլոր սրբերի տոնի հիշատակումը պետք է կատարել նոյեմբերի 1-ին, ինչի համար այդ գիշերը սկսեց կոչվել «All Hallows Eve» (թարգմ.՝ բոլոր սրբերի նախօրե): Հետագայում արտահայտությունը բառափոխվեց և ստացավ Halloween անվանումը:
Այսպիսով՝ տոնը եկավ հասավ մինչև մեր ժամանակներ: Ամերիկացիներն այն անվանում են նաև Դդումի տոն. դդումը Հելոուինի չար ուժերի գլխավոր խորհրդանիշն է: Այդ օրը նրանք դդումից տարբեր ուտելիքներ են պատրաստում, դդումներով փորագրություններ են անում, մոմեր վառում դդմի ներսում և այլն:
Ամերիկայում և Եվրոպայում մեծահասակներն ու երեխաներն անհամբերությամբ են սպասում տոնին: Այդ օրը երեխաները թակում են մարդկանց դռներն ու քաղցրավենիք պահանջում: Այս տոնի պարտադիր պայմաններից մեկը կախարդների, վհուկների, ուրվականների, վամպիրների, կմախքների և սատանաների տեսքով տարբեր դիմակներ և զգեստներ կրելն է: Տարածված են սարսափ գրականության և սարսափ ֆիլմերի հերոսների զգեստները: Տների ձևավորման ժամանակ օգտագործում են աշնանային մոտիվները՝ օրինակ գյուղական խրտվիլակները: Հելոուինի գլխավոր թեմաներն են մահը, չարը, կախարդությունը և հրեշները: Ավանդական գույներն են հանդիսանում նարնջագույնն ու սևը:
Ինչպես տեսաք, տոնի հիմքում հայկական ավանդույթների և սովորույթների հետ առնչվող ոչինչ ընկած չէ, սակայն վերջին տարիներին այն ակտիվորեն նշվում է նաև հայաստանյան ակումբներում և այլ հասարակական վայրերում:
Երիտասարդների շրջանում այն սկսում է մասսայականություն և մեծ հետաքրքրություն վայելել, սակայն պետք է հիշեցնեմ, որ հայ եկեղեցին այս տոնին վերաբերվում է այնպես, ինչպես մյուս օտարամուտ տոներին, որոնք մենք նշում ենք, և որոնց իմաստը չենք էլ հասկանում:
Տեր Եսայի քահանա Արթենյանը մեզ հետ զրույցում նշեց, որ հայ եկեղեցու վերաբերմունքն այդ իմաստով բացասական է տոնի նկատմամբ.
«Մենք ունենք ազգային, ավանդական շատ ու շատ մոռացվող տոներ, որոնց մասին մենք գաղափար էլ չունենք, բայց օտար տոները՝ մանավանդ այսօրվա տոնի նման կասկածելի բովանդակություն ունեցող, մեծ խանդավառությամբ նշում ենք: Թեև պետք է ասեմ, որ մեր իրականության մեջ այդ տոնը դեռևս այդքան լուրջ չի ընդունվում, ինչպես հիմնական երկրներում. ավելի շատ երիտասարդներն են տուրք տալիս դրան: Բայց ամեն դեպքում ցանկացած նման դրսևորում՝ թեկուզ փոքր մասշտաբով, էլի անհանգստացնում է: Դրա փոխարեն ավելի լավ կլինի, որ մենք մեր Բարեկենդանն այդպես խանդավառությամբ նշենք և ավելի կարևորենք դրա բովանդակությունը: Բարեկենդանն իհարկե լրիվ այլ խորհուրդ ունի, բայց որոշակի դրսևորումներով իրար նման են: Այնպես չէ, որ մենք պետք է անպայման ինչ-որ մի տոն գտնենք, որ մեր հասարակության մեջ մարդիկ անընդհատ նշեն: Եղած տոները մենք շատ հաճախ անտեսում ենք: Ի վերջո՝ մեր ավանդական, ազգային, հոգևոր արժեքներին հաղորդակից լինելով է, որ մենք մեր ազգային դիմագիծը պահում ենք»: