Բաժիններ՝

Ոստիկանության մայորը տեսանյութեր է պատվիրել հյուրանոցի մոտ կանգնած մարմնավաճառների մասին և հյուրանոցի վարձակալից գումար շորթել

ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթում քննվող քրեական գործով, ոստիկանության նախկին աշխատակից, ոստիկանության մայոր Վարդան Ղ.-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2013թ. օգոստոսին, հյուրանոցային համալիրի վարձակալից գումար շորթելու դիտավորությամբ, իր մտերիմ Հովհաննես Ե.-ին հանձնարարել է տեսանյութեր նկարահանել այդ համալիրի մոտ պարբերաբար մարմնավաճառությամբ զբաղվող կանանց վերաբերյալ:

Տեսանյութերը պատրաստելուց հետո, Վարդան Ղ.-ի ցուցումով Հովհաննես Ե.-ն և իրենց ընկեր Արթուր Մ.-ն նույն ամսին տարբեր սրճարաններում հանդիպումներ են ունեցել հյուրանոցային համալիրի վարձակալի հետ ու նրանից պահանջել խոշոր չափերով գումար` սպառնալով հակառակ դեպքում համացանցում հրապարակել վերջինիս իրավունքներին ու օրինական շահերին էական վնաս հասցնող տեղեկություններ:

Վարդան Ղ.-ի համաձայնությամբ ու ցուցումով Հովհաննես Ե.-ն պահանջել և բանկային փոխանցումների միջոցով ստացել է ընդհանուր առմամբ 500.000 ՀՀ դրամ:

Վարդան Ղ.-ին մեղարանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-182-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3.1 կետերով և վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը:

Նախաքննությունը շարունակվում է:

ՀՀ Հատուկ քննչական ծառայություն               

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս