Հայաստան է ժամանել Իսմայիլ Բեշիկչին. նա դատապարտվել է 100 տարվա ազատազրկման

Ինչպես 168.am-ին հայտնեցին «Արևմտահայոց Ազգային Համագումարից», այսօր առավոտյան Հայաստան է ժամանել թուրք հանրաճանաչ մտավորական, հրապարակախոս, սոցիոլոգ Իսմայիլ Բեշիկչիի գլխավորած մտավորականների և հասարակական գործիչների պատվիրակությունը: Իսմայիլ Բեշիկչին միջազգային ճանաչման է հասել քրդական hարցի ուսումնասիրմամբ և համարվում է այդ հարցի ամենահայտնի փորձագետն ու քրդական հարցի նախահայրը: Իր գաղափարների համար Իսմայիլ Բեշիկչին 17 տարի անցկացրել է բանտերում. ընդհանուր առմամբ` նա տարբեր հոդվածներով դատապարտվել է 100 տարվա ազատազրկման, սակայն 1999-ին ազատ է արձակվել:

1960-ականներից Իսմայիլ Բեշիկչին բազմիցս գրել է նաև հայոց ցեղասպանության մասին: Հայոց ցեղասպանության մասին իր ուսումնասիրություններով նա ամրագրել է երկու հիմնական իրողություն, որոնցից առաջինն այն է, որ քուրդ-թուրքական քաղաքական մրցակցությունն ի սկզբանե հիմնված է եղել հայության ունեցվածքի և հողատարածքների կողոպուտի շրջանակներում ստեղծված շահերի բախման վրա: Թուրքական թերթերում նա բազմիցս է շեշտել, որ թուրքական բուրժուազիայի հարստության հիմքը հայերի ունեցվածքն է:

Միջազգային պատմագիտական շրջանակներում հայտնի է նաև Իսմայիլ Բեշիկչիի այն տեսությունը, որ Հայոց ցեղասպանությունը ողջ Մերձավոր Արևելքի բնիկ ժողովուրդների բնաջնջման թուրքական ազգայնական նախագծի մի մասն էր: Այս երկու կարևոր տեսակետների համար Իսմայիլ Բեշիկչին Երևանում պարգևատրվելու է «Գևորգ Ե. Սուրենյանց (Տփղիսեցի) Կաթողիկոսի» անվան հուշամեդալով, որը «Արևմտահայոց Ազգային Համագումար» միջազգային հասարակական կազմակերպությունը հիմնել է Արևմտահայոց 4-րդ համագումարին ընդառաջ և շնորհելու է Թուրքիայում պաշտոնական ժխտողականության դեմ ապացուցված տեսություններով հանդես եկող գործիչներին:

Բեշիկչիի հետ «Արևմտահայոց Ազգային Համագումարը» Հայաստան է հրավիրել նաև Թուրքիայում հայտնի իրավաբան, մարդու իրավունքների պաշտպանության հարցերով ակտիվիստ և քուրդ քաղաքական գործիչ Օսման Բայդեմիրին, որը 1999 թվականից եղել է Օջալանի փաստաբանը, իսկ 2004-2014 թվականներին՝ Դիարբեքիրի քաղաքապետը:
Այս երկու գործիչներին ուղեկցում են «Իսմայիլ Բեշիկչի» հիմնադրամի խորհրդի նախագահ Ռուսան Արսլանը, այդ հիմնադրամում հայկական հարցը համակարգող, երիտասարդ գիտաշխատող Կադըր Քաչանը, Իսմայիլ Բեշիկչիի օգնական Նուրհան Յիլմազը, Թուրքիայում ազգային փոքրամասնությունների իրավունքները պաշտպանող կին ակտիվիստ Նուրկան Կայանը, քրդացած ծպտյալ հայ Թուրքայ Աբդուլգաֆուրը, որը վերահայացել է և Դիարբեքիրում այսօր կազմակերպում է հայացող համայնքը:

Պատվիրակությունը հանդիպումներ կունենա Երևանի Պետական համալսարանում, Հանրային Խորհրդում, կայցելի Ծիծեռնակաբերդ, այլ վայրեր, ինչպես նաև՝ Հայաստանի Ալագյազ և Ռյա Թազա համայնքներ:

Թուրք հայտնի մտավորական Իսմայիլ Բեշիկչիի գլխավորած պատվիրակությունը հանդես կգա նաև մամլո ասուլիսով, կմասնակցի կլոր սեղանների և գիտական քննարկումների:

Տեսանյութեր

Լրահոս