Եռյակը, կարծես թե, անկանխատեսելի է. ՀՀԿ խմբակցության ղեկավար

«Դեպքերից առաջ չընկնենք, սպասենք և բոլորս կտեսնենք, թե ինչ է իր շուրթերից արտահայտում Գագիկ Ծառուկյանը: Ես չեմ ցանկանում վերլուծություններ անել, եռյակը, կարծես թե, անկանխատեսելի է: Միասնական հայտարարություն, չեմ սպասում, որ կարող են երեքով մի բան հայտարարել»,- այսօր ԱԺ-ում բրիֆինգների ժամանակ հայտարարեց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը:

Ըստ նրա՝ ՀՀԿ-ն ինքն է ձեռնամուխ եղել իշխանափոխության՝ իր առաջադրած սահմանադրական փոփոխություններով: Վ. Բաղդասարյանը հիշեցրեց, որ հարթակում կանգնած բոլոր մարդիկ իշխանության մեջ եղել են, ուրիշ բան, որ ասեն՝ նորից ենք ուզում լինել: Նա նշեց, որ կա 17 թիվ, կա 18 թիվ: Դիտարկմանը, որ մարդիկ հեռանում են ու երկիրը դատարկվում է, Բաղդասարյանը նշեց, թե պետք է մտածել, թե ինչպես կանխարգելիչ գործողություններ ձեռնարկեն:

«Ընդամենը ամիսներ առաջ պատերազմի վտանգի տակ էինք, ու հիմա ներքին ուժերը մարդկանց են ոտքի հանում: Հնարավոր է, որ արտաքին ուժերի ազդեցության տակ նորից հայտնվենք պատերազմական վիճակում: Պետք է այդ խնդիրների մասին մտածել, ոչ թե ժողովրդին հանեն փողոց: Ծրագիր ունեն, թող գան միասին անենք, այդ նույն մարդիկ եղել են կոալիցիայի մեջ: Մենք ասում ենք դռները բաց են, եկեք քննարկենք միասին, եթե ծրագրեր ունեն: Նույն ԲՀԿ-ն ժամանակին եղել է կոալիցիայի մեջ ու գոհ էին: Այն ժամանակ նման առաջարկներ, նման ամբիցիաներ չի եղել: Եզրահանգումը թողնում եմ ձեզ»,- ասաց Բաղդասարյանը:

Նա պնդեց, թե չի տեսնում իշխանության հեռանալու առիթ, կան բավականին խնդիրներ, որոնք պետք է հաղթահարել: Ըստ Բաղդասարյանի՝ հաջորդ ընտրությունների արդյունքում կարող է ընդհանրապես կոալիցիան դառնալ այլընտրանք, ընդդիմություն. «Ժողովուրդն է տալիս ձայները, չեք տա, մեր հավաքած ձայներով կորոշենք մեր տեղը: Մենք մեր երկրի ապագան տեսնում ենք խորհրդարանական մոդելի մեջ, դա ավելի լայն հնարավորություն է տալիս մեր երկրի զարգացմանը»:

Տեսանյութեր

Լրահոս