Պարույր Հայրիկյան. «Նրանք պետության այն ղեկավարներն են, որոնք նախապատվելի համարեցին Պուտինի հարճ ու ճորտ դառնալը»

«ՀՀ նախագահի հանդիպումը Պարսկաստանի նախագահի հետ այդքան հետաձգելն ուղղակի անլուրջ է»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը` անդրադառնալով ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի Իրան կատարած այցի ժամանակ ՀՀ նախագահի անունից Իրանի նախագահ Հասան Ռոհանիին 2015թ. ապրիլի 24-ին Երևանում կայանալիք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ոգեկոչման արարողությանը ներկա գտնցվելու հրավերին փոխանցմանը:

Պ. Հայրիկյանի խոսքով` այսօր աշխարհում այնպիսի իրադարձություններ են տեղի ունենում, որ առաջիկա մեկ ամսվա ընթացքում էր պետք խոսել հանդիպման մասին.

«Ասենք թե Պարսկաստանի նախագահը եկավ, մասնակցեց, մի ծաղկեպսակ էլ ինքը դրեց, բայց հետո՞: Հայաստանը պետք է ներկայացներ Ցեղասպանության մասին իր հայեցակարգը և ակնկալեր աշխարհի բոլոր պետությունների արձագանքը: Իսկ հայեցակարգը մենք տվել ենք` որն է լինելու. տեղի է ունեցել մարդկության դեմ հանցագործություն, մեկ պետության տարածքում սպանվել է կամ արտաքսվել յուրաքանչյուր 4-րդ քաղաքացին, և մարդկության` այդ թվում նաև ժամանակակաից Թուրքիայի պարտքն է կատարված հանցագործության հետևանքները վերացնել. այդ հանցագործության հետևանքով Հայստանի միջազգայնորեն ճանաչված տարածքների 80 տոկոսն անցել է հակառակորդին:

Պետք է այդպիսի մի հայեցակարգ ներկայացվի, որ Հայաստան եկող ամեն մարդ իմանա` գալիս է աջակցելու այդ իսկապես արդարացի հայեցակարգին: Թե չէ այդ հուղարկավորության հետ կապված հանդիսությանը մի մարդ ավել կմասնակցի, մի մարդ պակաս` ոչ մի նշանակություն չունի: Հայաստանը Պարսկաստանի հետ շատ ավելի լուրջ հարաբերություններ ունի, քան ցեղասպանության առիթով ծաղկեպսակ դնելը: Օրինակ` տարբեր առիթներով Իրանի պաշտոնատարները խոսել են Հայաստանը տարանցիկ երկիր դարձնելու իրենց տրամադրվածության մասին, որը Հայաստանի համար կարող է շատ շահեկան լինել: Բայց Հայաստանն ի վիճակի չէ, նրանք պետության այն ղեկավարներն են, որոնք նախապատվելի համարեցին Պուտինի հարճ ու ճորտ դառնալն այն դեպքում, երբ ամբողջ աշխարհն է Պուտինին մերժում, նրանցից որևէ բան սպասելը նույնպես արդարացված չէ»:

 

Տեսանյութեր

Լրահոս