«Եթե կարող ես՝ իշխանափոխություն արա, չես կարող, ուրեմն՝ անիմաստ է հավաքներ անել» (տեսանյութ)
«Ցանկացած քաղաքացուն, մինչև անգամ շրջանառություն չունեցող քաղաքացուն էլ որ հարցնում եք` դժգոհ է իրավիճակից, դրա պատճառը, որպես կանոն, իշխանությունների վրա են ուղղում: Եռյակը, ի դեմս այս հավաքի, ուզում է իշխանություններին ասել՝ արա այն, ինչ պետք է ասեր ժողովուրդը, կստացվի՞, թե՞ ոչ, ժամանակը ցույց կտա»,- խոսելով հոկտեմբերի 24-ին կայանալիք եռյակի հանրահավաքի մասին՝ այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԲՀԿ-ական Վարդան Բոստանջյանը:
ՀՀԿ-խմբակցության պատգամավոր Մկրտիչ Մինասյանն էլ չհամաձայնեց Վ.Բոստանջյանի այն կարծիքի հետ, թե բոլորը դժգոհ են. «Իհարկե, հանրապետությունում չի կարող լինել իրավիճակ, որ ընդհանրապես բոլորը գոհ լինեն: Կա մի շերտ, որ դժգոհ է, և դա նորմալ ենք մենք համարում: Բայց երբ դուք ասում եք` բոլորն են դժգոհ, թույլ տվեք, ձեզ հետ չհամաձայնել»:
Հարցին՝ հնարավո՞ր է եռյակի կողմից ֆորսմաժորային իրավիճակ ստեղծվի և հախուռն հանրահավաք լինի, Վ. Բոստանջյանը պատասխանեց, թե ֆորսմաժորային իրավիճակները կարող է միայն հասարակությունն առաջացնել. «Թե չէ, ֆիզիկական մինչև անգամ հզոր մարդիկ, ըստ էության, երբևիցե նման բան չեն արել»:
Հարցին՝ այս գործողությունները սահմանադրական բարեփոխումների դե՞մ է՝ հաշվի առնելվ եռյակի հայտարարությունները, թե նոր հայեցակարգը հարմարեցվում է ներկայիս իշխանությանը և նախագահին, որպեսզի նրանք վերարտադրվելու հնարավորություն ունենան, Վ.Բոստանջյանն այսպես պատասխանեց. «Իհարկե, հենց դրա դեմ է, որ վերարտադրություն տեղի չունենա»:
Մ. Մինասյանն էլ նկատեց, որ այս նոր կառավարման ձևը ավելի մեծ հնարավորություն է տալիս կոլեգիալ կառավարման, և անձից շատ քիչ բան է կախված լինելու:
Վ. Բոստանջյանն էլ հակադարձեց՝ ասելով, որ այսօրվա իշխանությունը չի ուզում իր ձեռքից բաց թողնել իշխանությունը. «Նրանք հասկացել են, որ հայ իրականության մեջ հեղափոխականներ չկան, անհանգստացող ազգ չի, ինչ ուզում են՝ կարող են անել և անում են, ու բնականաբար, իշխանությունն ինչո՞ւ պետք է ուզի հրաժարվել: Եթե կարող ես՝ իշխանափոխություն արա, չես կարող, ուրեմն՝ անիմաստ է հավաքներ անել»:
Լրագրողներից մեկի հարցին՝ իշխանափոխության գործընթացը դուք ո՞նց եք պատկերացնում, Վ. Բոստանջյանը պատասխանեց. «Ես լավ եմ պատկերացնում, բայց ես չեմ ուզում հիմա դրա մասին բարձրաձայնել, թող գնան բարձրաձայնեն նրանք, ովքեր դրա կողմնակիցներն են»:
Մ. Մինասյանը կարծում է՝ այդ հավաքվածների իրավունքն է հավաքվել, բայց այն, ինչ տեղի ունեցավ հոկտեմբերի 10-ին, ինքը հասկացավ, որ ծրագիր չունեն, յուրաքանչյուր կուսակցություն իր կողմն է քաշում. «Ես չեմ կարծում այդպես անկազմակերպ բանը հանկարծ կարող է ամբողջությամբ կազմակերպված դառնալ, և շատ հնարավոր է, որ պարոն Բոստանջյանի կանխատեսումն իրականանա՝ այսինքն՝ անիմաստ դառանա այդ հավաքը»:
Լրագրողներից մեկի այն դիտարկմանը, որ բոլորը սպասում են հոկտմբերի 24-ին Գագիկ Ծառուկյանի խոստացած ելույթին, իսկ մնացած ուժերն էլ պնդում են, որ ճանապարհային քարտեզը Գագիկ Ծառուկյանը չի որոշում, Մկրտիչ Մինասյանն ասաց. «Ես կարծում եմ՝ Գագիկ Ծառուկյանն այն քաղաքական գործիչն է, որ իրատես է: Ինքը, իմ կարծիքով, էվոլուցիոն զարգացումների կողմնակից է և հեղափոխությունների կողմնակից չէ»: