Բերման է ենթարկվել Գևորգ Սաֆարյանը
Քիչ առաջ՝ 15:30-ի սահմաններում, Ոստիկանության Կենտրոնի բաժին բերման է ենթարկվել Գևորգ Սաֆարյանը: Այս մասին տեղեկացնում է Նախախորհրդարանը:
Հարյուրից ավել քաղաքացիներ այսօր փողոց էին դուրս եկել՝ իրենց բողոքն ու ցասումն արտահայտելու ընդդեմ ոստիկանության անմարդկային և անօրինական գործողությունների:
Ինչպես արդեն հայտնի է, հոկտեմբերի 19-ի երեկոյան, ԱՍԱԼԱ-յի նախկին մարտիկ, Ալեք Ենիգոմշյանն իր հարևան Վահրամ Գաբրիելյանի հետ միասին վերջինիս ավտոմեքենայով տուն վերադառնալու ճանապարհին է լինում: Սայաթ-Նովա փողոցի վրա՝ Ֆրանսիայի հրապարակի հարակից հատվածում, նրանց ավտոմեքենային են մոտեցել մի խումբ անձինք և, ներկայանալով որպես Ոստիկանության քրեական հետախուզության բաժնի աշխատակիցներ, կոպտորեն քաշքշելով Ալեք Ենիգոմշյանին դուրս են հանել ավտոմեքենայից: Չնայած Ալեք Ենիգոմշյանը մի քանի անգամ կրկնել է, որ կույր է և չի տեսնում, ոստիկանները նրան թողել են փողոցի բանուկ հատվածում և հեռացել՝ իրենց հետ տանելով հարևանին և վերջինիս ավտոմեքենան: Որոշ ժամանակ անց պատահական անցորդներ մոտեցել են Ալեք Ենիգոմշյանին և դուրս բերել փողոցի բանուկ հատվածից:
Երթի մասնակիցները կատարվածը որակում են որպես սադիզմ և անարգանք ազգային հերոսի նկատմամբ:
Ենթադրվում է, որ Գևորգը Սաֆարյանը բերման է ենթարկվել, քանի որ ակցիայի մասնակիցները ձվեր են նետել Ոստիկանության շենքի ուղղությամբ: