Ինչով են վտանգավոր թարմ քամված հյութերը
Բոլորը կարծում են, որ քամված հյութերը՝ ֆրեշերը, օգտակար են առողջությանը, սակայն այդպես չեն կարծում ամերիկացի գիտնականները: Aroxj.am-ի փոխանցմամբ՝ Սիունբերնի համալսարանի գիտնականների ուսումնասիրությունները ցույց են տվել, որ թարմ քամված հյութերի պարբերական օգտագործումը հանգեցնում է աորտայի ճնշման բարձրացմանը, ինչը իր հերթին կարող է ինֆարկտի պատճառ դառնալ:
Գիտնականները նշում են, որ թարմ քամված հյութերի մեջ, բացի մեծ քանակությամբ վիտամիններից՝ կա նաև մեծ քանակությամբ շաքար: Նրանց պնդմամբ, օրինակ, Կոկ-կոլայի և նարինջի ֆրեշի մեջ շաքարի քանակությունը գրեթե հավասար է՝ համապատասխանաբար՝ 139 և 115 կիլոկալորիա:
Թարմ քամված հյութը, ըստ գիտնականների, նույնքան մեծ դեր կարող է ունենալ սրտանոթային հիվանդությունների, ճարպակալման, դիաբետի զարգացման մեջ, որքան Կոկա-կոլան: Նույն օրինակի հիման վրա, գիտնականները նշում են, որ նարինջի հյութի մեջ կա 7 գդալ շաքար, իսկ Առողջապահության Համաշխարհային կազմակերպությունը կոչ է անում մեկ օրվա ընթացքում չօգտագործել 5-6 գդալից ավելի շաքար:
Միաժամանակ այս դիրքորոշման հետ համաձայն չեն նրանց կոլեգաների աշխարհի տարբեր երկրներից. տարբեր մասնագետներ նշում են, որ թարմ քամված հյութերը անհրաժեշտ են, ուղղակի դրանք պետք է օգտագործել քիչ քանակությամբ: