«Ամուսնալուծությունների թիվը չի շատացել, պարզապես դրանք այժմ պետական գրանցման են ենթարկվում». իրավաբան

«Իմ կարծիքով՝ նախկինում էլ են ամուսնալուծությունները շատ եղել, բայց քանի որ պետական գրանցման ենթարկված չեն եղել, այդ իսկ պատճառով էլ հիմա ավելի ակնհայտ է դարձել այդ փաստը»,- այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսում այս տեսակետը հայտնեց իրավաբան Մարինե Ֆարմանյանը՝ անդրադառնալով այն փաստին, որ ամուսնալուծությունների թիվը աճել է 35,5%-ով:

Նրա խոսքով՝ ամուսնական պայմանագիրը մեր հասարակության մեջ դեռևս չկիրառվող պայմանագիր է: Շատ են հատկապես դեպքերը, երբ ամուսիններից մեկն օտարերկրյա քաղաքացի է լինում և պահանջ է առաջադրում կնքել ամուսնական պայմանագիր.

«ՀՀ-ում ազգությամբ հայ քաղաքացիների միջև ամուսնական պայմանագրի հաճախականությունը դեռ ապագայի խնդիր է՝ կարծում եմ, բայց այն շատ կարևոր հարաբերություններ է կարգավորում. չէ՞ որ դրանով որոշվում են ամուսինների գույքային իրավունքներն ու պարտականությունները: Ամուսնական պայմանագիրը չի կարող կարգավորել անձնական հարաբերություններ, չի կարող նախատեսել երեխաների նկատմամբ իրավունքներ ու պարտականություններ սահմանող պայմաններ, այսինքն՝ դրանով սահմանվում են այնպիսի նորմեր, որոնք հետագայում հնարավորություն կտան գույքային խնդիրների հետ կապված վեճերից զերծ մնալ»:

Անդրադառնալով նաև արձանագրված փաստերին, թե որո՞նք են լինում զույգերի բաժանման հիմնական պատճառները՝ իրավաբանը նշեց, որ հիմնականում սոցիալական վիճակից բխող հարաբերությունների վատթարացումն է լինում պատճառ.

«Ամուսնալուծվող ամուսինը հիմնականում դժգոհում է ավելի ցածր եկամտից, վաստակից, ընտանեկան հոգսերը հոգալու անկարողությունից: Մանավանդ վերջին տարիներին նմանատիպ պատճառները հաճախ են կրկնվում: Հիմնական պատճառներից են նաև ամուսնական դավաճանությունները, երբ հատկապես 21-րդ դարում համացանցի առկայությունը, տարատեսակ ծանոթությունները հանգեցրել են այնպիսի իրավիճակի, երբ ամուսինները կտրվում են իրական միջավայրից, նոր հետաքրքրություններ են գտնում»:

 

Տեսանյութեր

Լրահոս