Բաժիններ՝

Կատարվել է կիբեռ-հանցագործություն և դիմելու ենք իրավապահ մարմիններին. ACBA-ի անվտանգության ծառայության պետ

ACBA-CREDIT AGRICOLE բանկն այսօր հաղորդագրություն էր տարածել, որ այսօր առավոտյան ժամը 02:00-ի  մոտակայքում հաքերների կողմից ստեղծվել է ACBA-ON-LINE համակարգի կայքի կեղծ տարբերակը, որն ամբողջովին կրկնօրինակում է իրական կայքի տեսքը:

«Հաճախորդը վերոնշյալ կեղծկայքի հղումները ստանում է էլեկտրոնային փոստին ստացված նամակի միջոցով: Կեղծկայքում մուտքագրելով Ձեր username-ը և գաղտնաբառը՝դուք դրանք ինքնակամ կտրամադրեք  «չարագործներին» »,- նշված էր բանկի հաղորդագրության մեջ:

168.am-ը այս հաղորդագրության հետ կապված որոշ պարզաբանումներ խնդրեց ACBA-CREDIT AGRICOLE բանկի անվտանգության ծառայության պետ Վարդան Ավետիսյանից։

Հարցին՝ դիմե՞լ եք իրավապահ մարմիններին, Վ. Ավետիսյանը պատասխանեց, որ անպայման դիմելու են, որովհետև գործ ունեն կիբեռ-հանցագործության հետ։

Բանկի հաղորդագրության մեջ նշվում էր, որ Acba-online-ի հաճախորդները իրենց էլեկտրոնային հասցեների վրա ստանում են նամակներ, որտեղ հղում կա, որը տանում է դեպի կեղծ կայքը։ Սակայն բանկն այս մասին տեղեկացել է ոչ թե նամակ ստացած հաճախորդներից, այլ ինքն է հայտնաբերել կեղծիքը և զգուշացրել հաճախորդներին։ «Մենք հետևում ենք այդ ամենին և տեղյակ ենք պահել, որ հաճախորդները խաբեության զոհ չդառնան»,- ասաց Վ. Ավետիսյանը։

Իսկ արդյոք տուժածներ կա՞ն, հաքերներին հաջողվե՞լ է  ստանալ օգտատերերի տվյալները։ Անվտանգության ծառայության պետն այս հարցին ի պատասխան նշեց, որ մի քանի օգտատերերի դեպքում նման փորձ եղել է, սակայն կանխվել է։ Ճշտող հարցին՝ այսինքն հաքերները գողացել են տվյալները, փորձել են այդ տվյալներով մուտք գործել համակարգ և դուք թույլ չե՞ք տվել, Վ.Ավետիսյանը պատասխանեց. «Ոչ, չի հաջողվել մարդկանց տվյալները գողանալ, քանի որ մենք հետևելով՝ ընթացքում տեսել ենք, որ նման փորձ է արվում և տեղյակ ենք պահել մեր հաճախորդներին»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս