Եկեք վերադառնանք Բաթու խանի ժամանակները և ՌԴ-ի գործնականում ողջ տարածքը հանձնենք ուրիշներին. Լուկաշենկո
Ղազախական Ca-News լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Euronews հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ, խոսելով ուկրաինական հակամարտության պատճառների մասին, ևս մեկ անգամ անդրադարձել է Ղրիմի հարցին.
«Այստեղ շատերն ասում են, որ Ղրիմը ժամանակին սխալմամբ է անցել Ուկրաինային, որ դա բնիկ ռուսական տարածք է և այլն: Դա սխալ մոտեցում է: Եկեք վերադառնանք Բաթու խանի, մոնղոլ-թաթարների ժամանակները:
Այդ դեպքում անհրաժեշտ է Ռուսաստանի (ինչպես նաև Արևելյան Եվրոպայի) գործնականում ողջ տարածքը հանձնել Ղազախստանին, Մոնղոլիային և էլի մեկ ուրիշի: Նրանք հասել են նաև Բելառուս, սակայն մեզ ձեռք չեն տվել:
Սահմանների վերափոխումն անկարելի է, քանի որ մենք ընդունել ենք բազմաթիվ նորմատիվ-իրավական ակտեր, որոնք հստակեցնում են սահմանների կայունությունն ու անխախտությունը: Անթույլատրելի է: Դրա համար էլ մենք հավատարիմ ենք մնում դրան»: