Արտամարմնային բեղմնավորման արդյունքները

Հայաստանում արտամարմնային բեղմնավորմամբ լույս աշխարհ եկած առաջին երեխաների ծննդյան տասնամյակը և միաժամանակ ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանի բարձր հովանու ներքո գործող Վերարտադրողական բժշկության աջակցման «Արագիլ» հիմնադրամի ծրագրի շրջանակում արտամարմնային բեղմնավորմամբ ծնված եռյակի մեկ տարին Հայաստանի և արտերկրի մոր և մանկան ոլորտի առաջատար մասնագետներին համախմբեց գիտագործանական համաժողովում:

«Մեծարգո առաջին տիկին Ռիտա Սարգսյան, հարգելի արտամարմնային վերատադրողական առողջության գիտական համաժողովի մասնակիցներ, սիրելի հյուրեր, ուրախ եմ ողջունելու այս դահլիճում ներկա այն երեխաներին, ովքեր ծնվել են ազնվաբարո գործունեության արդյունքում` երեք աղջիկներին` Աննային, Դիանային և էլենին»,- ասաց ՀՀ առողջապահության նախարար, պրոֆեսոր Արմեն Մուրադյանը:

Նրա խոսքով` հիշարժան այս օրն ամփոփում է Հայաստանի և արտերկրի մասնագետների տասը տարիների քրտնաջան, հսկայական աշխատանքը:

«Ազգային գենոֆոնդի պահպանման գործում գուցե սա նշանակալի համալրում չէ, սակայն բազում ընտանիքների երջանկության, մեծաթիվ կանանց մայրության բերկրանքի առիթ է, ինչն անհնար է արտահայտել որևէ վիճակագրությամբ»,- նկատեց առողջապահական ոլորտի գլխավոր կազմակերպիչը` առանձնահատուկ կարևորելով Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնի` «Մարգարյան ծննդատան» աշխատանքը:

«Հարգելի տիկին Սարգսյան, թույլ տվեք բոլոր այդ ընտանիքների անունից երախտիքի խոսքեր հղել ինչպես Ձեզ, այնպես էլ` արտասահմանյան այն գործընկերներին, ովքեր իրենց փորձն ու գիտելիքներն են փոխանցել հայ բժիշկներին»,-հավելեց նախարարը` հույս հայտնելով, որ Հայաստանի Հանրապետությունում ծնվող յուրաքանչյուր երեխայի պայծառ ապագա է սպասում:

Նախարարը համաժողովի մասնակիցներին մաղթեց արգասաբեր աշխատանք և նորանոր հաջողություններ:

Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնի տնօրեն Գեորգի Օկոևը ներկայացրեց Հայաստանում արտամարմնային բեղմանվորման եղանակի ներդրման պատմությունը` սկսած 1984 թվականից, երբ միջազգային համաժողովին մասնակցելու նպատակով Հայաստան էր ժամանել Խորհրդային Միությունում արտամարմնային բեղմանավորման ճանաարհով ծնված առաջին երեխայի հայրը` պրոֆեսոր Բորիս Լիոնովը:

«Տասը տարի առաջ ծնվեցին մեր առաջին երեխաները, որոնք լույս աշխարհ եկան արտամարմնային բեղմնավորման շնորհիվ: Այս տարի մենք նշում ենք ևս մեկ տոն. մեկ տարի առաջ շնորհիվ «Արագիլ» հիմնադրամի, լույս աշխարհ եկան ևս մի քանի փոքրիկներ»,- ասաց Գեորգի Օկոևը` հպարտությամբ ընդգծելով, որ Հայաստանում հաջողությամբ են ներդրվում զարգացած երկրների ժամանակակից մեթոդները:

«Անցած տարվանից այդ մեթոդին դիմող ընտանիքների կտրուկ աճ ենք զգում: «Արագիլ» հիմնադրամը բազմաթիվ ընտանիքների հնարավորություն տվեց երեխաներ ունենալ»,- ընդգծեց պրոֆեսորը:

Հիմադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ, պրոֆեսոր Կարինե Թոխունցը ներկայացրեց «Արագիլ» հիմնադրամի ստեղծման պատմությունը: Նա նշեց, որ հիմնադրամի ստեղծման նպատակն է ՀՀ-ում և ԼՂՀ-ում դեմոգրաֆիկ խնդիրների լուծմանն աջակցելը, վերարտադրողական բժշկության կազմակերպումը:

«Հիմնադրամի գործունեությունը հիմնվում է ժողովրդավարության, մարդասիրության, հանրամատչելիության, ազգային և համամարդկային արժեքների զուգորդման, անձի ազատ զարգացման, ինքնավարության ու կրթության աշխարհիկ բնույթի սկզբունքների վրա: Մենք իրականացնում ենք ֆինանսական աջակցություն անապահով ընտանիքներին՝ անպտղության բուժման նպատակով»,-ասաց մանկաբարձ-գինեկոլոգը:

Միջոցառման ավարտին հնչեց «Արագիլ» վերարտադրողական բժշկության աջակցության հիմնադրամի «Աղոթք» հիմներգը` որի երաժշտությունը հեղինակել է առաջին տիկին Ռիտա Սարգսյանը: Գիտագորժնական համաժողովին մասնակցում են մասնագետներ Ֆրանսիայից, Ռուսաստանի Դաշնությունից, Ուկրաինայից, Վրաստանից: Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնի պատվավոր բժիշկների կոչման արժանացան տեղի և արտասահմանյան բոլոր այն մասնագետները, ովքեր աջակցել են մեր երկրին արտամարմնային բեղմնավորումը որպես ժամանակակից բժշկագիտության զարգացման կարևոր բաղադրիչ ներդնելու և զարգացնելու գործում: Նրանց թվում էր նաև Մարսելի ինստիտուտի առաջատար գինեկոլոգ Ժան Պիեր Ֆրանկբալմը:

ՀՀ Առողջապահության նախարարություն

Տեսանյութեր

Լրահոս