Չինաստանն ու Ռուսաստանը ցանկանում են վերանայել վերջին 70 տարում հաստատված աշխարհակարգը. Պենտագոն
Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Չինաստանն ու Ռուսաստանը ցանկանում են վերանայել Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո հաստատված աշխարհակարգը, սակայն նրանք պետք է գիտենան, որ ԱՄՆ-ը կարող է իր դաշնակիցներին հասցեագրված սպառնալիքներին պատասխանել ռազմական մեթոդներով:
Այս մասին երեկ ամերիկյան Միջազգային հարաբերությունների գծով խորհրդի նիստում երեկ հայտարարել է ԱՄՆ պաշտպանության փոխնախարար Բոբ Վորկը.
«Նախևառաջ բացարձակապես պարզ է, որ այդ երկու երկրները (Ռուսաստանն ու Չինաստանը) սեփական դիրքերն ամրապնդում են իրենց սահմանների մոտ: Դա այն ուղղություններից մեկն է, որի վրա մենք (ԱՄՆ) պետք է աշխատենք հետագա տարիներին:
ԱՄՆ-ը պետք է միջոցներ գտնի՝ համոզվելու համար, որ Ռուսաստանի ու Չինաստանի մտադրությունները չեն հանգեցնի նրանց կողմից ուժի կիրառմանը, ինչը մեզանից (ԱՄՆ) կպահանջի ռազմական ուժի կիրառմամբ պատասխան: Մենք պետք է պարզենք դա և վստահ լինենք, որ Ռուսաստանն ու Չինաստանն իրենց անվտանգ են զգում իրենց իսկ տարածաշրջաններում:
Այդ երկու երկրներն էլ հաստատապես կարծում են, որ վերջին 70 տարում հաստատված աշխարհակարգի մի շարք ասպեկտներ ցանկալի է փոխել: Դա պահանջում է մեծ ուշադրություն: Ռազմավարական մակարդակով անհրաժեշտ է հստակեցնել, թե մենք ինչպես ենք պատրաստվում տարածաշրջանային շատ ուժեղ երկու երկրների հետ աշխատել հենց հիմա»: