«Եկեք չմոռանանք՝ նույն ՀՅԴ-ն և ԲՀԿ-ն միասին կրակում էին ժողովրդի վրա, պետք եղավ՝ էլի կկրակեն»

ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանն «Արմենիա» հ/ը «Ռ-Էվոլյուցիա» հաղորդման ժամանակ հայտարարել էր, թե եռյակը դեմ է սահմանադրական բարեփոխումներին, քանի որ իրենք ուզում են «նախագահ Սերժ Սարգսյանին փոխարինել իրենց Սերժ Սարգսյանով»: «Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցության նախագահ Սոս Գիմիշյանից 168.am-ը հետաքրքրվել է՝ արդյոք ճի՞շտ դիտարկում է դա: «Ճիշտ է, որովհետև ՀՅԴ-ն ուզում է իր Սերժ Սարգսյանին ունենալ, իսկ եռյակը՝ իր, տարբերություն չկա ո՛չ ՀՅԴ-ի Սերժ Սարգսյանի, ո՛չ էլ եռյակի Սերժ Սարգսյանի միջև: Ես չեմ տեսնում մարդկային որակների, արժեհամակարգի հետ կապված տարբերություն: Ի վերջո, եկեք չմոռանանք՝ նույն ՀՅԴ-ն և ԲՀԿ-ն միասին կրակում էին ժողովրդի վրա: Ի՞նչն է փոխվելու իրենց իշխանության գալուց, ոչ մի բան, պետք եղավ՝ էլի կկրակեն, առաջին անգամն էր դժվար»:

Խոսելով եռյակի հանրահավաքի օրվա ընտրության մասին, Ս. Գիմիշյանը նկատել է. «Միանշանա՛կ օրը պատահաբար չեն ընտրել: Եթե մինչև այդ օրն ես Սերժին հակաքայլեր անում, ստացվում է՝ Եվրասիական միությանը դեմ ես, իսկ Եվրամիությանը՝ կողմ: Եթե դրանից հետո ես անում Սերժի դեմ միջոցառումը, ստացվում է՝ Եվրասիական միությանն ես կողմ, Եվրամիությանը՝ դեմ: Եթե նույն օրն ես անում՝ հա՛մ այս կողմն ես, հա՛մ այն կողմն ես, այսինքն՝ լղոզված դիրքորոշում է»:

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 Ժամ» թերթի վաղվա տպագիր համարում:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս