Բիձինա Իվանիշվիլին քննադատել է Վրաստանի նախագահին
Վրացական «Կվիրիս Պալիտրա» թերթին տված հարցազրույցի ժամանակ Վրաստանի նախկին վարչապետ, «Քաղաքացի» ՀԿ-ի ղեկավար Բիձինա Իվանիշվիլին հայտարարել է, որ Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին կարծում է, թե պետք է մրցակցի երկրի կառավարության ու խորհրդարանի հետ, սակայն դա ճիշտ չէ.
«Մարգվելաշվիլու երդմնակալությունից հետո գործնականում երկրորդ օրն իսկ մեր բանավեճի առարկաներից մեկը դարձավ նրա այն դիրքորոշումը, որ նա պետք է մրցակցի կառավարության ու խորհրդարանի հետ: Դրա վրա մենք քանիցս ծախսել ենք ոչ քիչ ժամանակ:
Դա ինձ համար անհասկանալի էր, ես նրան ասացի, որ այդ դիրքորոշումը ճիշտ չէ, քանի որ դուք եկել եք մեկ թիմով, ողջ թիմը, հանձինս «Վրացական երազանքի», օգնել ու աջակցել է ընտրական գործընթացում: Եվ հետո ձեր ինչի՞ն է պետք է մրցակցությունը: Դա վնաս կպատճառի:
Մենք ունենք մրցակից, դա գործազրկությունն է, բազմաթիվ խնդիրները, տարածքային ամբողջականությունը, արտաքին քաղաքականությունը և այլն»: Իվանիշվիլու խոսքերով՝ իրեն չի հաջողվել վերահամոզել Մարգվելաշվիլուն:
Իվանիշվիլին հիշեցրել է, որ Մարգավելաշվիլին նախագահ ընտրվելուց հետո որոշել է նստել Թբիլիսիի Հավլաբարի շրջանի նստավայրում, թեև բոլորը դեմ են եղել դրան՝ ժամանակին Միխեիլ Սաակաշվիլու որոշմամբ կառուցված այդ նստավայրը ճոխություն համարելով Վրաստանի համար:
Իվանիշվիլին մեջբերել է Մարգվելաշվիլու նման պահվածքի հետ կապված ևս մի շարք դրվագներ և հայտարարել է, որ նրա նման դիրքորոշումը կարող է խանգարել երկրի զարգացմանը: Վրաստանի նախագահը ներկայումս համառորեն պնդում է, որ օրեր անց Նյու Յորքում կայանալիք ՄԱԿ ԳԱ-ի նստաշրջանում Վրաստանը ներկայացնելու է հենց ինքը, և ոչ թե վարչապետը: