Ղազախստանը երբեք չի եղել պետություն. Վլադիմիր Պուտին
ТСН-ի փոխանցմամբ` Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն օգոստոսի 29-ին «Սելիգեր» երիտասարդական ֆորումում հայտարարել է, որ Ղազախստանը երբեք չի եղել պետություն` ընդգծելով Նուրսուլթան Նազարբաևի դերը նոր պետություն ստեղծելու մեջ:
Ռուսաստանի նախագահն այդ հայտարարությունն արել է ԵՄ-ի ու Ուկրաինայի միջև Ասոցացման համաձայնագրի ստորագրմանը Նազարբաևի աջակցելու ֆոնին: Պուտինը Նազարբաևին ակնարկել է, որ Ղազախստանն ընդհանրապես ոչ վաղ անցյալում է դարձել պետություն:
Պուտինի խոսքերով` Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը բացառիկ գործ է կատարել և պետություն է ստեղծել այն տարածքում, որում երբեք չի եղել պետություն. «Այդ պլանում նա բացառիկ մարդ է հետխորհրդային պետականության համար»:
Պուտինը Նազարբաևին որակել է որպես շատ իմաստուն ու փորձառու ղեկավար, ով մշտապես մտածում է երկրի ապագայի մասին. «Նա երբեք դեմ չի գնացել իր ժողովրդի կամքին: Նա նրբորեն զգում է, թե ինչին է սպասում ժողովուրդը»:
Օգոստոսի 26-ին Նազարբաևը Մինսկում Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի հետ հանդիպման ժամանակ հայտարարել էր, որ Մաքսային միության գծով Ռուսաստանի գործընկեր Ղազախստանին չի վնասի ԵՄ-ի ու Ուկրաինայի միջև ստորագրված Ասոցացման համաձայնագիրը: Բացի այդ, Ղազախստանի նախագահը խոստացել էր արդյունավետորեն համագործակցել Ուկրաինայի հետ:
Հիշեցնենք, որ սրանից առաջ էլ Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ, պատգամավոր Վլադիմիր Ժիրինովսկին առաջարկել էր Ուկրաինայից հետո հաշիվները մաքրել Ղազախստանի հետ, ուր նկատվում են ռուսատյաց տրամադրություններ:
Իսկ դրանից առաջ Նազարբաևը չէր բացառել, որ Ղազախստանը կարող է դուրս գալ Եվրասիական տնտեսական միությունից: