
Ժիրինովսկին առաջարկել է Ուկրաինայից հետո հաշիվները մաքրել Ղազախստանի հետ

Эхо Москвы ռադիոկայանին տված հարցազրույցի ժամանակ Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ, պատգամավոր Վլադիմիր Ժիրինովսկին առաջարկել է Ուկրաինայից հետո հաշիվները մաքրել Ղազախստանի հետ, ուր նկատվում են ռուսատյաց տրամադրություններ.
«Ղազախստանը Մաքսային միության անդամ է, սակայն այնտեղ նույնպես գերակայում են ռուսատյաց տրամադրությունները: Ղազախստանի բոլոր նոր դասագրքերում՝ ամենուրեք, հակառուսական տրամադրություններ են՝ թեև Ռուսաստանը չի նվաճել Ղազախստանը, փոխարենը օգնության է հասել:
Ներկայիս ղազախները, ներկայիս Ղազախստանում մոռացել են, որ ռուսական բանակը նրանց փրկել է իրենց իսկ ղեկավարների խնդրանքով: Նրանք աղաչել են ռուսական ցարին, ընկել են նրա ոտքերը՝ խնդրելով փրկել իրենց: Ռուսական ցարը բանակ է ուղարկել, ազատագրել է Հյուսիսային Ղազախստանը, ապա նաև Տաշքենդը».
Նշվում է, որ սա Ժիրինովսկու կողմից Ղազախստանի վերաբերյալ նմանատիպ առաջին հայտարարությունը չէ: Այս տարվա փետրվարին Ժիրինովսկին հայտարարել էր, որ անհրաժեշտ է Կենտրոնական Ասիայի հանրապետություններին, այդ թվում նաև Ղազախստանին, զրկել անկախությունից ու միացնել Ռուսաստանին: