ԱՄՆ-ը Twitter-ի ու YouTube-ի ղեկավարությանը կոչ է արել արգելափակել «Իսլամական պետության» զինյալների գրառումները
Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ պետդեպարտամենտը և Պենտագոնը դիմել են Twitter սոցցանցի ու YouTube վիդեոհոսթինգի ղեկավարությանը՝ կոչ անելով արգելափակել «Իսլամական պետություն» արմատական խմբավորման գրառումները:
Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է ԱՄՆ պետդեպարտամենտի մամլո ծառայության ղեկավարի տեղակալ Մարի Հարֆը: Դա տեղի է ունեցել այն բանից հետո, ինչ խմբավորման զինյալները մահապատժի են ենթարկել ամերիկացի լրագրող Ջեյմս Ֆոուլիին, ինչի տեսանյութը նրանք տեղադրել էին YouTube վիդեոհոսթինգում.
Հարֆը լրագրողների ուշադրությունը հրավիրել է նրա վրա, որ «Իսլամական պետությունը» սոցցանցերն օգտագործում է նաև դրամական միջոցներ հավաքելու համար, նրանք տարբեր երկրներում իրենց կողմնակիցներին կոչ են անում նվիրատվություններ կատարել:
Հարֆն ընդգծել է, որ ԱՄՆ-ը զիջումների չի գնա ահաբեկիչներին և պատրաստվում է այսուհետ նույնպես հավատարիմ է մնալու այդ դիրքորոշմանը: Հարֆը հավելել է, որ ԱՄՆ-ի կառավարությունը շփումներ չունի «Իսլամական պետություն» խմբավորման հետ: