Նոր գազային էլեկտրակայանը կառուցվում է ՀԱԷԿ-ի՞ս փոխարեն
Նախօրեին հայտնի դարձավ, որ կառավարությունը հավանություն է տվել Էներգետիկայի և բնական պաշարների նախարարության և «Անակլիա Այ Ի Փի» ընկերության միջև ստորագրված համաձայնագրի հիմնադրույթներին: Ըստ այդ համաձայնագրի՝ ենթադրաբար, «Անակլիա Այ Ի Փի» ՍՊԸ-ի հիմնադիր «Անակլիա էներջի» ընկերությունը պետք է կառուցի 540 ՄՎտ հզորության գազատուրբինային էլեկտրակայան: Հայաստանի Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը հայտարարել է, որ ընկերությունն իր վրա է վերցնում 600 մլն դոլարի ներդրումների իրականացումը՝ դրա փոխարեն ակնկալելով, որ կառավարությունը կտրամադրի հարկային արտոնություններ կայանի համար անհրաժեշտ սարքավորումների ներկրման նպատակով, ինչպես նաև կապահովի կայանին գազի երաշխավորված մատակարարումներ: Այս գործարքը մի քանի հետաքրքիր ենթադրությունների տեղիք է տալիս, որոնք իմաստ ունի ավելի հանգամանորեն քննարկել:
Որքան էլ մենք փորձեցինք համացանցում որևէ հիշատակում գտնել «Անակլիա էներջի» ընկերության մասին, դա որևէ արդյունք չտվեց: Այդ ընկերության անունը համացանցում հայտնվել է միայն երեկ, այն էլ՝ ՀՀ կառավարության և այդ կազմակերպության միջև կնքված համաձայնագրի ենթատեքստում: Այսինքն՝ մինչև երեկ նման կազմակերպություն կամ չի եղել, կամ այն որևէ հրապարակային գործունեություն չի ծավալել: Ստացվում է, որ ինչ-որ անհայտ ընկերություն պատրաստվում է Հայաստանում 600 մլն դոլար ներդնել էլեկտրաէներգիայի արտադրության ոլորտում:
Մյուս հետաքրքիր հանգամանքն այն է, որ Հայաստանում, ըստ էության, կարող է առաջանալ էլեկտրաէներգիայի գերարտադրություն: Հայաստանից էլեկտրաէներգիայի արտահանման միակ շուկան փակվել է. Վրաստանն ինքն է դարձել էլեկտրաէներգիայի սեզոնային արտահանող: Սա նշանակում է, որ էլեկտրաէներգիայի արտադրությունն արտահանման նպատակով նույնպես բացառվում է: Սա բացառվում է նաև այն պատճառով, որ գազատուրբինային կայաններում արտադրված էներգիայի ինքնարժեքը բավական բարձր է:
Ըստ էլեկտրաէներգիայի արտադրությանը մոտ կանգնած մասնագետների, մեկ խմ գազից գազատուրբինային կայաններում հնարավոր է արտադրել 3 կիլովատտ ժամ էլեկտրաէներգիա: Եթե նկատի նկատի ունենանք, որ 10 հազար խմ ավելի գազ սպառողներն այժմ գազի մեկ խմ-ի համար վճարում են 114 դրամ, ստացվում է, որ այդ կայանում արտադրված էլեկտրաէներգիայի 1կվտ/ժ-ի ինքնարժեքը մոտավորապես հավասար կլինի այսօրվա էլեկտրաէներգիայի վաճառքի մանրածախ գնին:
Ըստ մասնագետների՝ գազատուրբինային էլեկտրակայանները կառուցվում են կոնկրետ ընկերությունների կամ ձեռնարկությունների համար, ովքեր ցանկանում են ունենալ սեփական էլեկտրաարտադրություն, բայց ոչ երբեք՝ կոմերցիոն նպատակներով:
Դրա պատճառը, ինչպես նշեցինք, այսպիսի կայանների կողմից արտադրվող էլեկտրաէներգիայի բարձր ինքնարժեքն է: Իհարկե, մասնագետներն ասում են, որ այսպիսի կայանները, բացի էլեկտրաէներգիայից, արտադրում են մեծ քանակությամբ ջերմային էներգիա, գրեթե երկու անգամ ավելի շատ, քան էլեկտրաէներգիա: Այսինքն՝ այս կայանների արդյունավետությունը կարող է բարձր լինել, եթե դրանց կողմից արտադրվող ջերմային էներգիան ևս օգտագործվի: Բայց նման քանակի ջերմային էներգիայի օգտագործման հնարավորությունները ևս Հայաստանում այս պահին բացակայում են:
Ստացվում է, որ Հայաստանում չկա էլեկտրաէներգիայի պահանջարկ, իսկ ինչ-որ անհայտ ընկերություն պատրաստվում է 600 մլն դոլար ներդնել բավական թանկ և տնտեսական տեսանկյունից անարդյունավետ թվացող ճանապարհով էլեկտրաէներգիա արտադրելու համար: Բայց քանի որ նույնիսկ մեզ համար է պարզ նման գործարքի անիմաստությունը, ապա այն չի կարող հայտնի չլինել այն ընկերությանը, ով պատրաստվում է նման ներդրում կատարել: Իսկ սա էլ նշանակում է, որ ներդրողին հայտնի են Հայաստանի էներգաշուկայում առաջիկայում սպասվող ինչ-որ փոփոխություններ, որոնք հայտնի չեն մեզ:
Դրանցից ամենահիմնականը կարող է լինել Հայաստանում էլեկտաէներգիա արտադրող ձեռնարություններից մեկի շահագործման դադարեցումը: Իսկ այդպիսին կարող է լինել միայն Հայաստանի ատոմակայանը, որի շահագործման ժամկետը սահմանված է մինչև 2016թ., և Հայաստանի կառավարությունը Ռուսաստանից փորձում էր 300 մլն դոլարի վարկ ստանալ ատոմակայանի շահագործման ժամկետը երկարաձգելու համար: Իսկ ռուսների ինչի՞ն է պետք Հայաստանի ատոմակայանի շահագործման ժամկետի երկարաձգումը, եթե դրա փոխարեն կարելի է Հայաստանին ավելի մեծ քանակությամբ գազ մատակարարել:
Կառուցվելիք գազատուրբինային էլեկտրակայանի հզորությունը ևս մոտ է ՀԱԷԿ-ի դրվածքային հզորությանը, որի շահագործվող էներգաբլոկն արտադրում է 400 ՄՎտ էլեկտրաէներգիա: Այսինքն, եթե որոշվի ատոմակայանը փակել, ապա կառուցվելիք գազային էլեկտրակայանը լիովին կարող է փոխարինել նրան, քանի որ առնվազն 35 տոկոսով ավելի էներգա կարող է արտադրել, քան այժմ արտադրում է ատոմակայանը: Բացի դա, եթե նոր ատոմակայանի կառուցման համար անհրաժեշտ է նվազագույնը 5-6 միլիարդ դոլար, ապա գազային էլեկտրակայանի կառուցման համար՝ 10 անգամ քիչ:
Իսկ, որ ամենակարևորն է, նման կայանի կառուցման դեպքում Ռուսաստանն ունենում է գազի սպառման հսկայական շուկա: Հաշվեք միայն, որ 3 կվտ/ժ էլեկտրաէներգիա-մեկ խմ գազից հաշվարկի պայմաններում՝ այս էլեկտրակայանը ժամում պետք է օգտագործի 180 հազար խորանարդ գազ: Սա մի քանի միլիարդ խորանարդ գազի սպառում կապահովի Ռուսաստանի համար, որն այսօր գազի սպառման ծավալների նվազման խնդրի առաջ է կանգնած: Այնպես որ, անկախ նրանից, թե ում է պատկանում «Անակլիա էներջի» կազմակերպությունը, նրա կողմից կառուցվելիք գազային էլեկտրակայանի նպատակը լինելու է ՀԱԷԿ-ի փոխարինումը գազային էլեկտրակայանով, որն իր հերթին՝ Ռուսաստանի գազի համար սպառման հավելյալ շուկա կապահովի: