ԱՄՆ-ը միանում է ԵՄ-ին և նոր պատժամիջոցներ է սահմանում Ռուսաստանի նկատմամբ
Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, որ ԱՄՆ-ը միանում է Եվրամիությանը (ԵՄ) և նոր պատժամիջոցներ է սահմանում Ռուսաստանի դեմ էներգետիկայի, ֆինանսական և ռազմական ոլորտներում: Հայտնում է բրիտանական BBC-ն:
Օբաման երեկվա իր ելույթում հայտարարել է, որ նոր տնտեսական պատժամիջոցների նպատակն է խոչընդոտել ռուսական բանկերի մուտքի կապիտալի շուկա և հարվածել Ռուսաստանի տնտեսությանը` Մոսկվային պատժելով Ուկրաինայի արևելքի անջատողականներին ռազմական օգնություն տրամադրելու համար:
Ըստ Ռոյթերս գործակալության`ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել մասնավորապես «Մոսկվայի բանկի» «ՎՏԲ»-ի և «Ռոսսելխոզբանկի» նկատմամբ:
Նախորդ պատժամիջոցների մասին ԱՄՆ-ը հայտարարել էր հուլիսի 17-ին: Այն ժամանակ պատժամիջոցներ էին սահմանվել ռազմական սեկտորի մի շարք ընկերությունների, ինչպես նաև «Նովատեկ»-ի, «Ռոսնեֆտ»-ի, «Վնեշէկոնոմբանկի» և «Գազպրոմբանկի» նկատմամբ:
Ինչ վերաբերում է ԵՄ-ի պատժամիջոցներին, նշենք, որ ԵՄ անդամ երկրների ղեկավարները նույնպես երեկ են համաձայնեցրել Ռուսաստանի նկատմամբ նոր պատժամիջոցները: Դրանք վերաբերում են Ռուսաստանի նավթային արդյունաբերությանը, ֆինանսական, ռազմական և տեխնոլոգիական ոլորտներին: