Իրաքը շուրջ 1 միլիարդ դոլարի զենք է գնել Ռուսաստանից
Իրաքի կառավարությունը պայմանագիր է կնքել Ռուսաստանի հետ` ավելի քան մեկ միլիարդ ԱՄՆ դոլար արժողությամբ ռուսական ռազմական տեխնիկա և զինամթերք գնելու շուրջ: Զենքի առաջին խմբաքանակն արդեն հասել է Իրաք: Այս մասին հայտնում է ռուսական «Վեդոմոստի» թերթը: Նշվում է, որ Ռուսաստանը Իրաքին տրամադրելու է մասնավորապես հրետանային և ականանետային զինատեսակներ:
Պայմանագիրը կնքվել է Ռուսաստանում հուլիսի 27-ին` Իրաքի պաշտպանության նախարարի այցի շրջանակներում: Ինչպես գրում է «Ռիա նովոստին», Ռուսաստանի կողմից Իրաքին զենք մատակարարելը կարևորվում է «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ Իրաքի բանակի պայքարի առումով: Ի դեպ, ըստ ռուսական լրատվամիջոցի` ԱՄՆ-ը դեմ չէ Ռուսաստան-Իրաք ռազմական համագործակցությանը: ԱՄՆ-ի պետքարտուղարության ներկայացուցիչ Մարի Հարֆը լրագրողների հետ հանդիպմանն ասել է, որ ԱՄՆ-ը դեմ չէ, որ Իրաքը զենք գնի այլ երկրներից: