Բաժիններ՝

Հեպատիտ C-ի բուժման մեկ տարվա կուրսը Հայաստանում կազմում է ավելի քան 16 000 դոլար

Աշխարհում այսօր մոտ 500 միլիոն մարդ, կամ 12 հոգուց մեկը, ունեն քրոնիկ հեպատիտ B կամ C վարակ: Հեպատիտ C-ն լյարդի հիվանդություն է, որը հարուցում է հեպատիտ C-ի վիրուսը: Մոտ 150 միլիոն մարդ վարակված է քրոնիկ հեպատիտ C-ի վիրուսով, և յուրաքանչյուր տարի ավելի քան 350 հազար մարդ մահանում է հեպատիտ C-ով պայմանավորված լյարդի հիվանդություններից: Այսօր հեպատիտի դեմ Հայաստանում իրականացվող պայքարի և խնդիրների լուծման ճանապարհի մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսեց Նոր-Նորք հիվանդանոցի լյարդաբանական բաժանմունքի ղեկավար Հասմիկ Ղազինյանը:

Հայաստանում հեպատիտ C-ի բուժման տարեկան կուրսը կազմում է ավելի քան 16 հազար դոլար: Հետազոտությունները ևս վճարովի են, հեպատիտ C-ի միայն հակամարմինների նկատմամբ հետազոտությունը արժե 12 հազար 500 դրամ:

Աշխարհում հաշվարկված է հեպատիտ B-ով և C-ով հիվանդ 600 մլն մարդ: Հեպատիտ B-ն այսօր համարվում է կառավարելի, քանի որ հեպատիտ B վիրուսի հանդեպ սկսված է վակցինացիան:

Նոր-Նորք հիվանդանոցի լյարդաբանական բաժանմունքի ղեկավար Հասմիկ Ղազինյանն ասաց, որ հեպատիտ B -ն կառավարվում, բայց հեպատիտ C-ն բարձիթողի վիճակում է գտնվում ամբողջ աշխարհում. «Հեպատիտների բուժման երկու ուղղություն կա: Հեպատիտ B կամ C հիվանդները վարվում են որպես սուր վիրուսային հիվանդություն ունեցողներ և հսկվում են մինչև 6 ամիս: 6 ամսից հետո մինչև վիրուսի հայտնաբերումը օրգանիզմում արդեն հաստատվում է ինֆեկցիայի քրոնիկ ընթացքի մասին»:

Քրոնիկ հիվանդներին պետությունը անվճար բուժում չի տրամադրում: Պետական հոգածությունը այսօր Հայաստանի Հանրապետությունում վերաբերում է սուր վիրուսային հեպատիտին: Հեպատիտ C-ով հիվանդ Արթուր Մանվելյանը պատմեց, որ վարակվել է ատամը հեռացնելու ժամանակ: Այժմ նա ի վիճակի չէ ստուգումների համար վճարել, առավել ևս՝ հոգալ իր հետագա բուժման ծախսերը:

Իսկ Հասմիկ Ղազինյանը նշեց, որ ավելի լավ է մեկ անգամ ստուգվել, քան՝ մնալ անորոշության մեջ: Լրագրողներից մեկն ասաց, որ հետաքննություն է կատարել տվյալ խնդրի վերաբերյալ: Հեպատիտ C-ով հիվանդը ատամնաբույժի խնդիր է ունեցել, սակայն բոլոր այն վեց ատամնաբուժարաններում, որոնց իրենք դիմել են՝ մերժել են՝ ասելով, թե շատ զբաղված են: Բացի այդ՝ լրագրողն արձանագրել է ևս մեկ խնդիր. եթե մարդը պատասխանատվություն չունենա և չասի, որ ինքը հիվանդ է հեպատիտ C-ով, ոչ ոք չի փորձի պարզել և չի իմանա այդ մասին: Այսինքն՝ առաձին ստուգում չի անցկացվում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս