Վրաստանի խորհրդարանը միաձայն վավերացրել է ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագիրը

Грузия Online-ի փոխանցմամբ` Վրաստանի խորհրդարանը երեկ վավերացրել է ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագիրը: Այն ընդունվել է միաձայն` 123 քվե: Վրաստանի խորհրդարանում Ասոցացման համաձայնագրի վավերացման շուրջ քննարկումները մեկնարկել են երեկ առավոտյան:

Վրաստանի արտգործնախարար Մայա Փանջիկիձեն պատգամավորներին իրազեկել է այդ համաձայնագրի էության ու հիմնական ասպեկտների մասին: Խորը և համապարփակ ազատ առևտրի կարևորության մասին խոսել է Վրաստանի էկոնոմիկայի նախարար Գեորգի Կվիրիկաշվիլին:

Նախարարներից հետո ելույթ են ունեցել պատգամավորները: Վրաստանի խորհրդարանի երեկվա արտահերթ նիստի երկրորդ մասը սկսվել է հրավիրված հյուրերի ելույթներից:

Նախ ելույթ է ունեցել Վրաստանի վարչապետ Իրակլի Գարիբաշվիլին, ապա` ԵՄ-ի ընդլայնման հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն: Ելույթներ են ունեցել նաև Լատվիայի ու Բուլղարիայի արտգործնախարարներն ու Ավստրիայի խորհրդարանի նախագահը:

Չնայած նրան, որ հրավիրվածների թվում չի գտնվել Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին` այնուամենայնիվ նա նույնպես մասնակցել է խորհրդարանի նիստի երկրորդ մասին: Մարգվելաշվիլին հայտարարել է, որ ինքն է նախաձեռնել խորհրդարանի արտահերթ նիստը, հետևաբար կարիք չուներ դրան մասնակցելու հրավեր ստանալու:

Վրաստանը ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագիրը ստորագրել է հունիսի 27-ին Բրյուսելում: Սրանից առաջ հաղորդվել էր, թե Ասոցացման համաձայնագիրը կսկսի գործել արդեն սեպտեմբերից:

Տեսանյութեր

Լրահոս