Բաժիններ՝

Պարգև սրբազան. «Ես չեմ հավատում, որ Լևոն Հայրապետյանը կարող է գումար վաստակել խարդախությամբ»

Արցախցի բարերար Լևոն Հայրապետյանի ձերբակալության մասին լուրը  շատ անսպասելի է եղել նաև Արցախի հոգևոր թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանի համար:

«Այդ լուրը տխրությամբ ստացանք, բայց ես չգիտեմ` բուն պատճառն ի՞նչ է: Ցավում եմ դրա համար, որովհետև նա բավական վատառողջ է, և նույնիսկ, եթե կարճ ժամանակ մնա բանտում, դա ծանր կնստի իր առողջության վրա»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Պարգև սրբազանը:

Մեր զրուցակիցը նշեց, որ իր մտքում մի քանի վարկած ունի, թե ինչի հետ կարող է կապված լինել Հայրապետյանի ձերբակալությունը, սակայն դրանք ընդամենը ենթադրություններ են:

«Բոլոր տարբերակներն էլ կարող են ի զորու լինել: Դա կարող է Ադրբեջանի պատվերը լինել, ինչպես Կոմանդոսն է ասում, կարող է լինել Բաշկիրիայի նավթի բախումը «Լուկօյլի» հետ: Ես դժվարանում եմ ասել` պատճառը որն է, բայց ես չեմ ուզում հավատալ, որ Լևոն Հայրապետյանը կարող է գումար վաստակել խարդախությամբ, որովհետև նա մեծագույն բարերար է, նաև հայրենասեր անձնավորություն է, օգնել է բազմաթիվ մարդկանց, մեր եկեղեցու բարերարն է, մարդն աշխատատեղեր է բացել նաև Արցախում, օգնում է սպորտին, գիտությանը, մշակույթին: Գիտեք, այդպիսի մարդիկ դժվար թե երբևիցե լինեն խարդախ»,- ասաց Արցախի հոգևոր թեմի առաջնորդը:

Կարդացեք նաև

Մենք նրան նաև խնդրեցինք մեկնաբանել այն տեղեկությունը, որ Լևոն Հայրապետյանը մինչ ձերբակալվելը ոչ թե Մոնակոյում է եղել, ինչպես գրում էին ռուսական լրատվամիջոցները, այլ Հայաստանում և Արցախում: Պարգև սրբազանն ասաց, որ իր տեղեկություններով` Հայրապետյանը հուլիսի 12-13-ին եղել է Լեռնային Ղարաբաղի Վանք գյուղում, որտեղ, ի դեպ, Լևոն Հայրապետյանը ժամանակին լայնածավալ բարեգործական ծրագրեր է իրականացրել:

Լևոն Հայրապետյանը ձերբակալվել է հուլիսի 15-ին Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանում` Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության աշխատակիցների կողմից: Նրան մեղադրանք է առաջադրվել փողերի յուրացման և ապօրինի եղանակով ձեռք բերված եկամուտներն օրինականացնելու` քրեական հոդվածներով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս